Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի որոշմամբ եւ Պենյարոլ թաղամասի բնակիչների խնդրանքով՝ հոկտեմբերի 21-ին թաղամասի գլխավոր հրապարակներից մեկն անվանակոչվել է Մարտին Տերյանի անունով, ով Հայոց ցեղասպանության վերապրածներից էր: Այս մասին տեղեկացրին «Արաքս» ռադիոյից:
Մարտին Տերյանը ծնվել է 1913 թվականին Մարաշում, մահացել` 2006 թվականին Մոնտեվիդեոյում: Ցեղասպանությունից փրկվելով և հաստատվելով Ուրուգվայում` Պենյարոլ թաղամասում հիմնում է խանութ, որն աշխատում է 40 տարի:
Տերյանն ու իր տիկինը մշտապես օգնության ձեռք են մեկնել թաղամասի չքավոր երեխաներին` տարրական սնունդ հայթայթելով նրանց համար: Հրապարակի բացման արարողությանը նշվել է, որ Պենյարոլի բնակիչները չեն կարող մոռանալ այդ օգնությունը, իսկ հրապարակի անվանափոխմամբ նրանք վառ կպահեն Մարտին Տերյանի հիշատակը:
Մարտին Տերյանը 90-ականներին ստացել է Հայաստանի Հանրապետության անձնագիր: Նրա վկայություններով ստեղծվել է փաստավավերագրական ֆիլմ` նվիրված Հայոց ցեղասպանությանը:
Source: Yerkir Media
Link: Ուրուգվայում Հայոց ցեղասպանությունը վերապրածի անունով հրապարակ է անվանակոչվել