Արթուր Սարգսյանին` պաշարված ՊՊԾ գունդ հաց տանող քաղաքացուն, նույն մեղադրանքն է առաջադրվել, ինչ հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը մտած «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Արթուր Սարգսյանը նույնպես կալանավորվել է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանի պաշտպաններից մեկը` Արայիկ Պապիկյանը. «Բոլոր տղաների վերաբերյալ անբովանդակ և առարկայազուրկ որոշումներ են կայացվել: Դատարան նման միջնորդություն ներկայացանելն անարգանք է դատարանի նկատմամբ»:
Արայիկ Պապիկյանը նշեց մեկ կարևոր հանգամանքի մասին, ինչը նրա խոսքով` կամ թյուրիմացություն է, կամ «քոփի փեստ». «Տարիներ շարունակ քննչական մարմինները ներկայացնում են նույն միջնորդությունները: Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել պատանդ պահելու համար, այն դեպքում, երբ նա ՊՊԾ տարածք հաց է տարել հուլիսի 26-ին»:
Բացի այդ, փաստաբանը հայտնեց, որ Արթուր Սարգսյանը ակնհայտ առողջական խնդիրներ ունի և ի վիճակի չէ անգամ զենք պահելու կամ հինգ կիլոգրամից ավել ծանրություն վերցնելու:
Նշենք, որ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):
Source: Yerkir Media
Link: ՊՊԾ գունդ հաց տանող քաղաքացուն և «Սասնա ծռերին» նույն մեղադրանքն է առաջադրվել. նա կալանավորվել է