Ջրառատ գյուղի գյուղապետն ատրճանակ է ուղղել «ՕՐՕ» դաշինքի համակրի վրա

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետն Աշոտ Ահարոնյանը «Ազատությանը» փոխանցեց, որ քննություն է կատարվում այսօր Ջրառատում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

«Ոստիկանությունը ուսումնասիրում է, քննություն է կատարում: Միջադեպը կատարվել է քարոզարշավից շատ ավելի ուշ», — ասաց Ահարոնյանը՝ խոստանալով մանրամասներ հաղորդել ավելի ուշ:

Այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայտարարեց, որ կեսօրին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանը, ով, ըստ դաշինքի հաղորդագրության, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ՝ Երանոսյանի ծննդավայրն է, սպառնալիքներ է հնչեցրել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ։

«Ընդ որում՝ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։ Ատրճանակը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները խլել են նրա ձեռքից և վնասազերծել օրինախախտին: Ուշագրավն այն է, որ ատրճանակով սպառնացող սուբյեկտին կարգի հրավիրելու փոխարեն իրավապահ մարմինների ներկայացուցիչները ոստիկանության Էջմիածնի բաժին են բերման ենթարկել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրներին», — ասված է ՕՐՕ-ի հաղորդագրությունում:

«Այս պահին իրավիճակին ծանոթանալու նպատակով Ջրառատում են գտնվում գեներալ Սեյրան Օհանյանն ու Արմեն Մարտիրոսյանը: Էջմիածնի քաղմաս են այցելել դաշինքի անդամ հանդիսացող պատգամավորները։

Ոստիկանության ղեկավարության ներկայացուցիչները խոստացել են գեներալ Օհանյանին, որ անաչառ քննություն կիրականացնեն և օրինախախտման բացակայության պարագայում ազատ կարձակեն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցներին»:

Source: Yerkir Media
Link: Ջրառատ գյուղի գյուղապետն ատրճանակ է ուղղել «ՕՐՕ» դաշինքի համակրի վրա

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image