Ռոբերտ դե Նիրոն Նյու Յորքում գլխավորել է Թրամփի դեմ կազմակերպված հանրահավաքը

Մի քանի հազար մարդ է հունվարի 19-ին մասնակցել Նյու Յորքում ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կազմակերպված բողոքի ցույցին: Ելույթներին, որոնք կայացել են Մանհեթենի «Թրամփ թաուեր» երկնաքերի մոտ, ընդհանուր տոն են տվել մեգապոլիսի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն, ականավոր քարոզիչ Ալֆրեդ Շարփթոնը, ռեժիսոր Մայքլ Մուրը, դերասաններ Ռոբերտ դե Նիրոն, Ալեք Բոլդուինը եւ Մարկ Ռուֆալոն:

«Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր դե Նիրոն ելույթ է ունեցել առաջինը՝ Թրամփին համարելով «վատ օրինակ ամբողջ երկրի եւ այս քաղաքի համար»: «Ֆարենհայթ 9/11» հայտնի կինոժապավենի ստեղծողը՝ Մուրը, նախազգուշացրել է, որ «Ամերիկան չափազանց վտանգավոր շրջան է ապրում իր պատմության մեջ»: «Ամեն ինչ այնքան վատ է, որքան ձեզ թվում է: Բայց կլինի ավելի վատ»,- կանխագուշակել է ռեժիսորը:

«Այս երեկո մենք հավաքվել ենք պաշտպանելու մեզ բոլորիս համար մի թանկարժեք բան: Եվ դա մեզնից յուրաքանչյուրն է»,- նշել է Ռուֆալոն: Նրան են միացել նաեւ դերասանուհիներ Ջուլիանա Մուրը, Մարիսա Թոմեյը եւ Շեյլին Վուդլին:
Անցած հանգստյան օրերից նմանօրինակ ակցիաներ են տեղի ունենում ԱՄՆ-ի շատ քաղաքներում: Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, հարյուրավոր ամերիկացիներ մտադիր են Թրամփի պաշտոնակալության արարողությունը ձախողելու փորձ ձեռնարկել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Source: Yerkir Media
Link: Ռոբերտ դե Նիրոն Նյու Յորքում գլխավորել է Թրամփի դեմ կազմակերպված հանրահավաքը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image