Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանին՝ 1397 թվականի կապակցությամբ
March 21, 2018
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին գարնանային տոնի՝ Նովրուզի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն:
Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ իրանական օրացույցով 1397 թվականն Իրանի համար լինելու է առաջընթացի ու հաջողությունների տարի, իսկ հայ-իրանական հարաբերությունների համար՝ հեռանկարային ու գործնական ծրագրերով հագեցած ժամանակաշրջան: Սերժ Սարգսյանը նշել է, որ դարերի խորքում ձևավորված հայ-իրանական բարեկամությունը պարտավորեցնում է ըստ արժանվույն գնահատել անցյալի ձեռքբերումներն ու հավատարիմ մնալ քաղաքակրթությունների օրրաններ հանդիսացող Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեցող բարիդրացիական հարաբերությունների ոգուն:
Նշենք, որ «Նովրուզ» նշանակում է «նոր օր»․ տոնը 2009 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային մշակութային ժառանգության ցանկի մեջ, իսկ 2010 թվականի փետրվարի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 21-ը հայտարարել է Նովրուզի միջազգային օր: