Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի առաջին կուրսի ունանող Տարոն Դավոյանը Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանից է։ Այսօրվանից նա նաեւ ոչ այնքան ռազմական, այլ բարոյական հանձնառություն է վերցնում իր վրա՝ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված, ենթասպա Գագիկ Մելքոնյանի ընտանիքի բարեկամը պետք է դառնա։ Գագիկը նույնպես ապրում էր Մարտունու շրջանում։
«Իհարկե, գիտակցում եմ, որ չեմ կարող լրացրեն նրանց որդու տեղը, բայց արծակուրդներիս կայցելեմ»,- ասաց Տարոն Դավոյանը:
Հանրապետության տոնի կապակցությամբ նախագահական նստավայրում մերօրյա հերոսներին հետմահու շնորհվեցին պետական բարձրագույն պարգեւներ։ Նախագահ Սարգսյանը դահլիճում ներկա երիտասարդ զինվորականներին հատուկ խնդրել է մասնակցել պարգեւատրման արարողությանը, որպեսզի անմիջապես հետո ծանոթանան զոհված հերոսների ընտանիքների հետ, կապ հաստատեն եւ իրենց ծառայության ողջ ընթացքում փորձեն լինել նանց կողքին, հանդիսանան կապող օղակ այդ ընտանիքների եւ հայկական բանակի միջեւ:
«Սպայի համար չափազանց կարևոր է, որպեսզի լինի մեր հերոս զոհված զինվորների ընտանիքների կողքին, որպեսզի հասկանա որդեկորույս ծնողի ցավը, հասկանա ընտանիքի որդու գինը, հասկանա զինվորի արժեքը: Այն զինվորի, որի հրամանատարն է լինելու որոշ ժամանակ հետո, նրանց առաջնորդելու է զորանոցներում, մարտական դիրքերում, որի համար պատասխանատու է լինելու և պատասխանատու է լինելու նրան կոփելու, մարտական պատրաստությունը բարձրացնելու և նրա հետ միասին հայրենիքը պաշտպանելու համար»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նախագահը նշեց, որ որպես կանոն, նման դեպքերում իր խոսքը սկսում է «Սիրելի՛ պարգեւատրվողներ» արտահայտությամբ: Բայց այսօր առանձնահատուկ դեպք է:
«Մեր սիրելի և ամենաթանկ պարգևատրվողները մեզ հետ չեն: Նրանցից շատերը երիտասարդ էին, շատ երիտասարդ: Բայց նրանց ընտրությունն ու վարքը հասուն էին այնքան, որ ավելի հասուն դարձրեցին մի ամբողջ հասարակություն: Նրանք մի քանի օրում աշակերտից դարձան ուսուցիչներ և դարձան Հայոց անկախության նոր սերնդի ջահակիրներ»,- ասաց նախագահը:
Նախագահի խոսքով, նրանք սահմանեցին բարոյական այնպիսի բարձրագույն նշաձող, որ այսուհետ անհնար է լինելու շրջանցել:
«Անհնար է լինելու, որովհետև նրանք ներկա են այստեղ, ներկա են մեր մեջ և մեր շուրջը: Ավելի ներկա են և ավելի մեծ գործ են անում, քան առանձին, ներկա ստացողներ: Այդ պատճառով էլ թույլ տվեք, այնուամենայնիվ դիմել նրանց և ասել սիրելի պարգևատրվողներ, շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու առթիվ: Նաև շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Թալիշում ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված պայմանագրային ծառայող Գեղամ Մկրտչյանի կինը` Անուշ Հյուսնունցը` սպասում է առաջնեկին: Միասին ընդամենը 6 ամիս են հասցրել ապրել: Ասաց, եթե երեխան տղա լինի, ապա հոր անունով կկոչեն։
Ապրիլի 4-ին Թալիշում զոհված Սահակյան Սարգիսը 1 տարի 10 ամիս արդեն ծառայել էր։ Մայրը՝ Թամարա Ղազարյանը, սպասում էր որդու վերադարձին, սակայն այսօր նախագահական նստավայրից հեռանում է հերոսին հետմահու շնորհված պարգեւները ձեռքին։
«Մենք Ռուսաստանում էինք ապրում, եկանք՝ ասաց գնամ բանակ, պարտքս կատարեմ։ Կորցրեցի միակ որդուս, որ իմ հույսն էր»,- ասաց Թամարա Ղազարյանը:
Որդեկորույս մոր այսօրվա միակ ցանկությունը խաղաղությունն է, որպեսզի ոչ մի ընտանիքում այլեւս նման անդառնալի կորուստներ չլինեն։
Source: Yerkir Media
Link: Սերժ Սարգսյան. «Քառօրյա պատերազմում զոհվածները դարձան Հայոց անկախության նոր սերնդի ջահակիրներ»