Սեփական տիեզերք ունենալու մասին

Ես ու տիեզերքն իրար առաջ ենք կանգնած, ու ես նորից գլուխս խոնարհել եմ: Տիեզերքը ժպտում է. նոր չէ, որ ճանաչում է ինձ: Հավաքում եմ ուժերս ու բարձրացնում եմ գլուխս. այդ ժպիտը բաց թողնել չեմ կարող: Նայում եմ՝ երկար, վերացած, մոռացած ամեն ինչ, նայում եմ ուղիղ աչքերի մեջ ու ես էլ եմ ժպտում: Գրկում է ինձ, բարձրացնում իրենից էլ վեր, բաց է թողնում ու հեռանում է…

Գրկի տաքությունը նոր է անցել, իսկ ոտքերս արդեն գետնի վրա են՝ սովորական աշխարհի փողոցներում, ուր նշանակությունդ ավելի քիչ է կշռում, քան տիեզերքում: Քայլերդ այնքան օտար են, որքան երբեք չքայլած վայրերում, ձայներն այնքան հեռու են, որ ցանկության դեպքում էլ չես կարող լսել: Ձայներն ուզում են համոզել, ուզում են՝ իմանաս, որ այս՝ միակ տիեզերքից բացի ուրիշը չկա, ձայները չգիտեն՝ քոնն ունես, քո ուրիշ տիեզերքը, միայն քոնը, որը չի մոռացել ժպտալը: Դու ժլատ չես, քո, ուրիշ տիեզերքից պատրաստ ես ուրիշներին էլ բաժին հանել, իսկ ուրիշները կամ չկան, կամ իրենց ուրիշ տիեզերքն ունեն ու չգիտեն քո մասին, ինչպես դու՝ իրենց:

Ամենքը, ամենքդ քայլում եք սովորական օտար փողոցներում՝ տիեզերքները գրկներիդ, դրանց ծանրության տակ, երբեմն անգամ չտեսնելով դիմացիններիդ: Ծանրությունն արդարացնում է իրեն՝ բոլորը չէ, որ սեփական տիեզերքն ունեն, քչերն են, որ կարող են գրկել, ոչ թե քայլել տիեզերքի վրայով: Գլուխս կախել եմ, ծանրությունից հոգնել եմ. ամաչում եմ: Տիեզերքս նայում է ինձ ու ժպտում է, դեռ չնեղացած, արդեն ներել է ինձ. նոր չէ, որ ճանաչում ենք իրար: Գիրկս տաք պահողն անձայն կորում է տեսադաշտիցս, ու սկսում եմ մրսել սովորական օտար աշխարհում. նոր չէ, որ չենք հասկանում իրար: Որոշել եմ՝ պիտի սովորեմ հասկանալ, բայց հասկանալը կարծես որոշելով չէ: Նշանակությունս թեթեւացել է, ու դա կարծես հաճելի է, անգիրկ ձեռքերս, որ էլ ոչինչ չեն պահել, հաճելիորեն տարուբերում եմ. սկսում եմ հասկանալ: Ձայները մոտենում են, ձայները շատ են, ձայները միշտ քեզ ասելու են՝ ինչ եւ ինչպես անես, ինչին հավատաս, նույնիսկ՝ ինչը սիրես, ձայներն ականջներիդ չէ, միանգամից գլխիդ մեջ են գոռում. դատասենյակ են սարքել, նժարներ են դրել՝ ճիշտ ու սխալ են կշռում…

Տիեզերքդ հետ է եկել. ամեն անգամ ավելի դժվար է լինում նրան համոզելը: Նեղացկոտ չէ, բայց ուզում է՝ վերջապես սովորես որոշել, սովորես ընտրել: Տիեզերքդ տեղավորվել է գրկիդ մեջ, տաքացրել է ներսդ, որ ամեն անգամ ավելի սառն է լինում: Ծանրությունն արդարացնում ես այդ տաքությամբ, դիմացիններիդ չտեսնելով, ձայները չլսելով, սովորական օտար աշխարհում մենակ չլինելով, տիեզերք գրկելու ունակ լինելով: Տիեզերքդ արդարացումներդ չի լսում. բառերն էական չեն: Քեզ լավ գիտի. մնացած ամենն էական չէ:

Source: Yerkir Media
Link: Սեփական տիեզերք ունենալու մասին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image