Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով նա ճանաչվել է մեղադրյալ՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից խուսափելու համար:
Նախնական քննության տվյալներով՝ 1994 թվականին ծնված Տիգրան Խաչատրյանը, կցագրում անցնելով Գորիսի զինկոմիսարիատում, ձեռք է բերել իր առողջական վիճակին ակնհայտորեն չհամապատասխանող «նեւրասթենիա» եւ «նեւրասթենիա, չափավոր արտահայտված» ախտորոշմամբ եզրակացություններ, որոնց հիման վրա՝ 2014 թվականին երկու անգամ ստացելէ տարկետում` համապատասխանաբար 5 ամիս եւ 3 տարի ժամկետներով:
Նույն ճանապարհով 2017 թվականի ձմեռային զորակոչին ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ հաշվառվել է պահեստազորում՝ այդպիսով խուսափելով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից: Բացի այդ, նա նաեւ կեղծ ատեստատ է է ձեռք բերել, որի հիման վրա 2010 թվականին ընդունվել է Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մեղադրանք է առաջադրվել նաեւ Տիգրանի եղբորը՝ Տրդատ Խաչատրյանին՝ կրկին պարտադիր զինվորական ծառայությունից կեղծ փաստաթղթեր օգտագործելով խուսափելու համար, նրա նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն:
Source: Yerkir Media
Link: Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել