Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հերթական հանձնարարականը վերաբերում էր ճանապարահաշինության ու միասնական ցանցի ստեղծմանը։ Վարչապետը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում գնահատել միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների տեխնիկական վիճակը։
«Տալ համապատասխան ֆինանսական գնահատական, մշակել առաջնահերթությունների վերաբերյալ հինգ տարվա աշխատանքային ծրագիր ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկներ», — նշեց վարչապետը։
Բացի սրանից՝ Կարապետյանը հանձնարարեց գնահատել ճանապարհների շահագործման գործող պայմանագրի գործողությունը։ «Հինգից տասը տարի, եթե անհրաժեշտ լինի, նույնիսկ ավելի երկարացնել պայմանագիրը», — ասաց վարչապետը։
Մարզպետներն էլ տրանսպորտի նախարարությանը պետք է տրամադրեն համապարփակ տեղեկատվություն հանրապետությունում առկա բոլոր համայնքներից դեպի մարզկենտրոններ և հարակից խոշոր քաղաքաների ուղևորահոսքի վերաբերյալ՝ ըստ ժամային կտրվածքի։
Կարեն Կարապետյանը Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց մինչև 2017 թվականի հունիսի մեկը մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել միասնական ուղևորացանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը։