Տաք սնունդ ու առաջին օգնություն՝ ձյան մեջ արգելափակվածներին. ԱԻՆ-ը մարզերում հատուկ հենակետեր է ստեղծել (Լուսանկարներ)

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը դեկտեմբերի 29-ից աշխատելու է ուժեղացված ռեժիմով, սակայն ձյան առատ տեղումներն արդեն հասցրել են բազմաթիվ խոչընդոտներ ստեղծել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ՝ մարզերում:

ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի հանձնարարականով՝ ուշադրության կենտրոնում են հատկապես հանրապետական ճանապարհներին արգելափակված քաղաքացիները: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Արագ և արդյունավետ օգնություն ցուցաբերելու նպատակով դեկտեմբերի 27-ից ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում ծավալվել են ժամանակավոր հենակետեր: Շարժական հենակետերում ծառայություն է իրականացնում 6 փրկարար, ովքեր ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն են ցուցաբերում՝ տրամադրելով տաք սնունդ և առաջին բուժօգնություն:

Շուրջօրյա հենակետերը ծավալված են՝

  • Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ճանապարհահատվածի միջնամասում՝ Տաթեւի վանքի մոտ (մոտակայքում կա նաեւ զինվորական հոսպիտալ)
  • Արագածոտնի մարզի Մարգարա-Վանաձոր Մ3 ավտոճանապարհի 93-րդ կիլոմետրում՝ Գեղարոտ համայնքի մոտ: Այս պահին այնտեղ մի վրան է ծավալված եւ մեկ շինություն, որոնք համարվում են մեկ տեղամաս
  • Գեղարքունիքի մարզի Սեւան-Մարտունի ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին՝ Նորատուս համայնքի մոտ:

Հենակետերի տեղանքի ընտրությունը քննարկվել է մարզային փրկարարական վարչության պետերի հետ, որոշում է կայացվել վրանները ծավալել ձնաբքի, մերկասառույցի, արգելափակման իմաստով ամենավտանգավոր հատվածներում: Անհրաժեշտության դեպքում նախարարությունը պատրաստ է նման վրաններ ծավալել նաև մյուս մարզերում:

Արագ ծավալվող, մետաղական և պնևմատիկ հենաձողերով, երկշերտ ծածկով վրանները հագեցած են մարդկանց ժամանակավոր պատսպարման, ցուրտ եղանակին ջերմությամբ և տաք սննդով ապահովելու միջոցներով:

Վրանները ջրակայուն են և հագեցած են տուժածներին՝ տվյալ պարագայում ցրտահարության ախտանիշով քաղաքացիներին, առաջին օգնություն ցուցաբերելու բոլոր հնարավորություններով: Այն հնարավոր է ծավալել 3-5 րոպեի ընթացքում: Մեկ վրանը կարող է բուժօգնություն ցուցաբերել միաժամանակ երկու տուժածի, իսկ տաք սննդից և հյութերից կարող են օգտվել ավելի մեծ թվով քաղաքացիներ:

Վրաններում մարզային փրկարարական վարչության աշխատակիցները շուրջօրյա  ծառայությունն իրականացնում են հերթափոխով, անհրաժեշտության դեպքում փրկարարական աշխատանքներին կարող են միանալ նաև լրացուցիչ ուժեր:

Նշենք, որ դեկտեմբերի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից հերթապահություն են իրականացնելու ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենը և մարզային վարչությունների բոլոր պետերը:


Source: Yerkir Media
Link: Տաք սնունդ ու առաջին օգնություն՝ ձյան մեջ արգելափակվածներին. ԱԻՆ-ը մարզերում հատուկ հենակետեր է ստեղծել (Լուսանկարներ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image