Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհված երեխաների թիվը հասել է 11-ի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների մի աղբյուր:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Տյումեն – Խանտի Մանսիյսկ մայրուղում բախվել են ավտոբուսը, բեռնատարը և երկու մարդատար ավտոմոբիլ: Տեղական իշխանությունների տեղեկություններով՝ ավտոբուսում եղել է մանկական թիմ, որը Խանտի Մանսիյսկում սպորտային ակրոբատիկայի մրցումներից վերադառնում էր Նեֆտեյուգանսկ: ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարության Ուրալի տարածաշրջանային կենտրոնի տեղեկատվությամբ՝ 23 հոսպիտալացվածներից 20-ը երեխաներ են:
«Տասը մարդ, այդ թվում ինը երեխա, զոհվել է տեղում, երկու երեխաներ մահացել են տեղափոխման ընթացքում և բժշկական հիմնարկությունում»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
22 մարդ, այդ թվում 16 երեխաներ, տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են Խանտի Մանսիյսկի օկրուգային կլինիկական հիվանդանոցում:
Source: Yerkir Media
Link: Տյումեն-Խանտի Մանսիյսկ մայրուղում խոշոր վթարի հետեւանքով զոհվել է 11 երեխա