Օգոստոսի 14-ը՝ Աստվածածնի Վերափոխման և Խաղողօրհնեքի տոն

August 13, 2016

Օգոստոսի 14-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը:Այն Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Եկեղեցական ավանդությունը պատմում է, որ Քրիստոսի խաչելությունից հետո Սուրբ Մարիամը շուրջ 12 տարի ապրում է Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Նրան է այցելում Գաբրեիլ հրեշտակապետն ու տալիս դրախտի ծաղիկներից մի պսակ: Տիրամայրը ուրախանում է` հասկանալով, որ եկել է երկրային կյանքի վախճանը եւ գնալու է սիրելի Որդու մոտ: Նա խնդրում է Հովհաննես առաքյալին վերջին անգամ Պատարագ մատուցել եւ հաղորդություն տալ իրեն: Գալիս են նաեւ մյուս առաքյալներն ու հարազատները: Լուրը նրանց տխրեցնում է, որովհետեւ Աստվածածնի միջոցով Քրիստոսի ներկայությունն էին զգում:

Հովհաննեսը նոճու փայտից մի տախտակ է մոտեցնում Տիրամորը եւ խնդրում` «Մա’յր, տուր մեզ քո դեմքի պատկերը որպես հիշատակ»: Տիրամայրը խաչակնքվում է, տախտակը հպում դեմքին եւ աղոթելով խնդրում, որ դրա միջոցով բժշկություններ լինեն: Եվ մի ձայն է լսվում. «Ուզածդ պիտի լինի, Մայր իմ»: Եվ Սուրբ Մարիամը Հովհաննեսին է հանձնում տախտակը, որի վրա պատկերվել էր իր դեմքը: Առավոտյան տունը լցվում է երկնային պայծառ լույսով եւ Տիրամայրը ավանդում է հոգին:

Ավանդությունը վկայում է, որ նրա գերեզմանի մոտ երեք օր անդադար հրեշտակների երգի ձայնն էր լսվում: Չորորդ օրը Քրիստոսի առաջնորդույթամբ հրեշտակների զորքեր են իջնում եւ վերցնելով Աստվածածնի մարմինը` տանում երկինք: Տիրամոր պատկերը Բարդուղիմեոս առաքյալն իր հետ բերում է Հայաստան:

Այս օրը նաեւ խաղողօրհնեք է: Խաղողի հետ օրհնվում է տարվա ամբողջ բերքը: Տոնի հաջորդ օրը՝ օգոստոսի 15-ին, մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում պատարագից հետո կկատարավի հոգեհանգստի արարողություն: Մարդիկ իրենց մահացած հարազատների անունները գրում եւ տանում են եկեղեցի, որպեսզի աղոթեն նաեւ նրանց հոգու հանգստության համար:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image