Անցյալ տարի համացանցում տարածվեց լուրը՝ պետք է փրկել Վիլյամ Սարոյանի տունը, որտեղ գրողն ապրել է կյանքի վերջին 17 տարիները: Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում գտնվող սարոյանական տունը 1981 թվականից՝ գրողի մահից հետո, 3 սեփականատեր է փոխել:
Վիլյամ Սարոյանը երազում էր, որ իր տունը դառնա կացարան ուսանողների համար, որ երիտասարդները գան ու ստեղծագործեն այստեղ: Այս մասին անգամ գրողի կտակում է նշված: «Ինտելեկտուալ ռեսնեսանս» հիմնադարմում դեռ չգիտեն՝ ինչպես իրականացնել Սարոյանի ցանկությունը, բայց վստահ են՝ շուտով Ֆրեզնոյի առանձնատունը կլցվի սարոյանական շնչով ու ներկայությամբ:
Ամիսներ առաջ հիմնադրամը գնեց Վիլյամ Սարոյանի՝ աճուրդի հանված տունը, որն առաջիկայում տուն-թանգարան կդառնա: Ծրագիրն իրականացնելու համար համահայկական միտք ու գաղափարներ են պետք: Նաեւ այս նպատակով են Երեւանում հիմնել «Սարոյանասերների ակումբը»:
Մեծանուն գրողի տունը դասական թանգարան չի լինի: Տունն ու այգին կդառնան մշակութային կենտրոն, գրատուն: Սենյակներից մեկում կվերականգնվի սարոյանական միջավայրը, իսկ նորագույն տեխնոլոգիաներով այցելուներին հնարավորություն կտան տեսնել Սարոյանին, օրինակ, գրամեքենայի մոտ աշխատելիս, լսել նրա ձայնը:
«Ունենալու ենք հեծանիվ, մարդիկ կարող են գալ, նստել հեծանիվի վրա, աչքերին դնել հատուկ սարք եւ ձայնային սարքավորումների եւ տեսապատկերների շնորհիվ իրենց զգալ Սարոյանի հերոսներից մեկը կամ հենց Սարոյանը»,- ասաց Saroyan House նախագծի համակարգող Ավագ Սիմոնյանը:
Հաջորդ քայլը Սարոյանին պատկանող իրերի հավաքագրումն է: Հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանն ասում է, որ հայտարարություններ են տարածել Կալիֆոռնիայի լրատվամիջոցներով, դիմել են Սթենֆորդի եւ Կալիֆոռնիայի համալսարաններ:
Երգչուհի Հասմիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ Սարոյանի արխիվի մի զգալի մաս աճուրդից գնել է գրողի ազգականներից մեկը: Այդպիսի մասունքներ էլի կարելի է գտնել:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խորհուրդ է տալիս չշտապել. շատերը կփորձեն առիթից օգտվել՝ կրկնակի ու եռակի թանկ վաճառել Սարոյանի իրերն ու ձեռագրերը: Առաջնահերթ պետք է կայացնել ինստիտուտ-թանգարանը:
«Առաջին հերթին այն պետք է լինի գիտական ուսումնասիրությունների կնետրոն, այնտեղ պետք է հավաքվեն Սարոյանի մասին գոյություն ունեցող նյութերը: Երկրորդ, այդ կենտրոնը պետք է ստեղծագործական մի հարթակ լինի, որտեղ կարող են գալ երիտասարդ գրողները, հաղորդակցվել Սարոյանի ժառանգությանը: Շատ կարեւոր է նաեւ զարգացնել թանգարանային հատվածը»,- ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Հավանաբար տարեվեջին Գրիֆիթ վեյ 2729 հասցեում կգործի աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը:
Source: Yerkir Media
Link: Ֆրեզնոյում Սարոյանի տուն-թանգարանի բացումը նախատեսվում է այս տարեվերջին