Հայաստանի Սահմանադրական դատարանում վիճարկվելու է ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների օրինականությունը։ Նման դիմում է ներկայացվել Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, որն արդեն մուտքագրվել է դատարանում։ Ըստ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի՝ իրենց դիմումի հիմքը երեք հանգամանք է՝ վարչական ռեսուրսը, ընտրակաշառքը եւ վերահսկողությունը:
Oրենսդրության համաձայն խորհրդարանական ընտրությունների արդյունքները ՍԴ-ում բողոքարկելու ժամկետն այսօր էր՝ մինչեւ ժամը 18.00: Բողոքարկման դեպքում նոր խորհրդարանի լիազորությունները օրինական ուժի մեջ կմտնեն ոչ թե ապրիլի 27-ին, այլ մայիսի 18-ին, որն առավելագույն ժամկետն է:
Սահմանադրական դատարանը պարտավոր է առավելագույնը 15 օրվա ընթացքում, մինչեւ ապրիլի 29-ը քննել դիմումը, եթե Սահմանադրական Դատարանի որոշման ժամկետով է պայմանավորված լինելու նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստի ամսաթիվը։
Մինչ այդ, այսօր վարչական դատարանը, մերժել է ընտրություններին առնչվող մեկ այլ դիմում` ներկայացված ՕՐՕ դաշինքի կողմից։ Վերջինիս հայցադիմումով պահանջվում էր միավորել ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը մեկ ընդհանուր բազայում ու համեմատական վերլուծություն անցկացնել՝ պարզելու համար, թե արդյոք կա՞ մատնահետքերի համընկնում, թե ոչ: Վարչական դատարանը մերժել է ՕՐՕ-ի հայցադիմումը՝ որպես հիմք ընդունելով ավելի վաղ ԿԸՀ-ի ներկայացրած պատճառաբանությունները։ Հայցադիմում կրկնաքվեարկության փաստեր ներկայացված չեն եղել։
Source: Yerkir Media
Link: ԱԺ ընտրությունների օրինականությունը կվիճարկվի Սահմանադրական դատարանում