yerkir.am — Այսօր ՀՅԴ ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում են ունեցել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչների հետ:
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանն իր ելույթի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև Արցախին առնչվող հարցերին.
«Մարդիկ խոսում են Արցախի մասին, բայց այս ընտրությունների մասնակից միակ կուսակցությունը, որ ամենուր ունի կառույց, ՀՅԴ-ն է: Արցախի խորհրդարանում ունեցել ենք պատվիրակություն, անկախ նրանից` օրվա նախագահի հետ համագործակցել ենք , թե ոչ: Մենք նաև դեմ հանդես եկանք այն սահմանադրական բարեփոխումներին, որոնք առաջարկվում են Արցախում: Մենք գտնում ենք, որ խորհրդարանական կառավարումն է ճիշտը»,- ասաց Մանոյանը՝ հավելելով, որ ՀՅԴ-ի նպատակներն անշեղ են:
«Մենք համագործակցել ենք նույնիսկ Հայաստանում ՀՀՇ-ի ժառանգ ՀԱԿ-ի հետ, որի նախագահը ժամանակին մեր կուսակցությունն արգելել էր՝ մեր ընկերներին բանտարկելով: Մենք գործակցել ենք արտաքին ճակատի հետ՝ հատկապես՝ Արցախի հարցում: Արցախի հարցն այն հարցը չէ, որ մենք կարող ենք հանգիստ խղճով գնալ տուն՝ ասելով, որ նախագահին չենք սիրում: Մենք համոզված ենք, որ Արցախը Հայաստանի մաս է,Արցախի վերամիավորումը մեր ընդհանուր նպատակի մի մասն է»:
Մանոյանն անդրադարձավ նաև ջավախահայությանը վերաբերող խնդիրներին:
«Անհրաժեշտ է, որ Վրաստանի հետ սերտացնենք մեր հարաբերությունները, որովհետև այդ հարաբերություններն ունեն պատմական հիմք, ունեն օբյեկտիվ առարկայական պատճառներ»,- ասաց Մանոյանը՝ հավելելով, որ անկախ նրանից, Վրաստանը և Հայաստանը որ ճամբարում են, պետք է համագործակցությունը խորացնել: Մանոյանն անդրադարձավ նաև հայ-թուրքական արձանագրություններին:
«Համոզված ենք, որ անհրաժեշտ է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկել: Նույնիսկ չվավերացված տարբերակն էլ է վտանգավոր»,- ասաց նա:
Կիրո Մանոյանն իր ելույթի վերջում կրկին անդրադարձավ ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին ու կրկին հորդորեց ընտրակաշառքներ վերցնելուց զերծ մնալ.
«Ինչ էլ լինի, դուք այդ խցիկում մենակ եք: Եթե նկարահանող գրիչ տեսնեք, տուն տարեք ձեր հետ»,- եզրափակեց Մանոյանը:
Source: Yerkir Media
Link: «Անհրաժեշտ է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկել. նույնիսկ չվավերացվածն է վտանգավոր»