«Աննահանջ պայքար՝ մինչեւ հատուցում»․ Ստեփանակերտում նույնպես երթ անցկացվեց
April 24, 2017
«Աննահանջ պայքար՝ մինչեւ հատուցում» խորագիրը կրող ջահերթը Ստեփանակերտում մեկնարկել էր Սուրբ Հակոբ եկեղեցու բակից եւ ուղղվել դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: Այդտեղ եւս ջահերթը նախաձեռնել էին Դաշնակցության երիտասարդական եւ ուսանողական միությունները՝ աջակցությամբ Արցախի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության: Նախաձեռնությանը միացել էին Արցախում գործող հասարակական կազմակերպությունները, ուսանողներ, աշակերտներ:
Երթին մասնակցում էին նաեւ Արցախի Ազգային Ժողովի պատգամավորներ, պետական այլ այրեր: Արցախյան խորհրդարանի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանն իր խոսքում շեշտել է, որ «1991-ից 1994 թվականներին Արցախյան պահանջատիրությունն արեվելա-հայությանը փրկեց նոր ցեղասպանությունից: Իսկ 2016-ին Արցախի պետականությունը պահպանողները կրկին իրենց կամքի ուժով, հերոսությամբ եւ անձնազոհությամբ կանխել են մի նոր ցեղասպանություն:
«Եվ այն հիմքը, որ դրվել է Ազատամարտի տարիներին, ունենալու է շարունակություն, եւ հայրենազրկված արեվմտահայությունը տեր է դառնալու կորսված հայրենիքին»,- ընդգծել է պատգամավորը: Նույն օրը ջահերով եւ մոմերով երթ է կայացել նաեւ Ասկերան քաղաքում: