Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Շուլի Հակոբյանը հունիսի 18-ին դարձավ 21 տարեկան: Թալիշում արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ հակառակորդի երեք տանկ խոցելու համար ՀՀ նախագահի հրամանագրով նա ստացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան։
Քառօրյա պատերազմում հակառակորդի 3 տանկ խոցելու մասին նա պատմել էր, որ դրանք խոցել է 25-30 րոպեների ընթացքում, որոնք մի վայրկյանի պես են անցել։ «Առաջին տանկը խփելուց հետո, առանց ուշադրություն դարձնելու, որ խրամատից դուրս եմ ու դիմացի դիրքից կրակում են, կանգնել գոռացել եմ` խփել եմ, խփել եմ: Հետևից ձայն էին տալիս, որ իջնեմ խրամատ: Իջա, մեր հատուկ նշանակության ջոկի հրամանատարը ճակատս համբուրեց, ասաց «ապրես», նույնն էլ մարտկոցիս հրամանատարը։ Երրորդ տանկը երբ խփեցի, բարձրացա, որ նայեմ, դաշտում արդեն տանկ չկար։ Հետ քաշվեցին` ունենալով երեք տանկի կորուստ»:
Չնայած հակառակորդին զգալի վնաս է պատճառել՝ Շուլին ասում էր, թե չի մտածում, որ հերոս է ու չի սիրում, երբ իրեն այդպես են ներկայացնում։ Ասում է, որ սահմանն ամեն մարդ չի կարող պահել։ Նրա խոսքով` մարտական հերթապահություն իրականացնելն այսօր մի փոքր լուրջ գործ է։ Սահման պահելը Շուլին սուրբ գործ է համարում. «Միայն սահման հասկացողությունը չես պահում, այլ նաև մեր ժողովրդի հանգիստ քունը։ Կապ չունի՝ Արցախում ես, թե Հայաստանում։ Մենք պահում ենք այդ դիրքերը մեր երկու հանրապետությունների համար։ Առանց իրար, մի քիչ, կարծես թերի լինեն»։
Source: Yerkir Media
Link: Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Շուլի Հակոբյանը դարձավ 21 տարեկան