«Ադրբեջանի նոր հարձակման դեպքում կլինեն պատասխան գործողություններ, կընդլայնվի անվտանգության գոտին»,- Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ասել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը՝ անդրադառնալով արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ «Այդ հակահարձակողական գործողությունների ընթացքում մենք ընդլայնելու ենք այսօրվա մեր գոյություն ունեցող անվտանգության գոտու լայնությունը եւ անվտանգության գոտու խորությունը, 2016 թ. ապրիլյան գործողությունների այդ սահմանափակ հենակետերը, որոնք անցել են նրանց հսկողության տակ, միանշանակ վերականգնվելու են»,-ասել է նա։
Խոսելով հակառակորդի դիվերսիոն փորձերից, Արցախի պաշտպանության նախարարը նշել է. «Ամբողջ սահմանային գծի երկայնքով մենք վերահսկողություն ենք իրականացնում՝ այդ թվում նաեւ գիշերային պայմաններում: Նման վերջին փորձը ձեռնարկել են այս տարվա փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը եւ մենք տեղյակ ենք արդյունքի մասին: Ունեին 6 զոհ, որից 5-ը թողել էին դաշտում եւ մեկը ծանր վիրավորվել էր, որից հետո հոսպիտալում մահացել: Դրանից հետո ընդհանրապես բացառվել է դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձերը»,- ասել է նախարարը:
Լեւոն Մնացականյանը պատասխանել է նաեւ Արդբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի զինանոցում կա «Իսկանդեր» ոչնչացնելու հակահրթիռային զենք։
«…Այդպիսի հրթիռները խոցելու հնարավորություն ոչ թե Ադրբեջանը, այլ առաջատար երկրները չունեն։ Մարդ, որը ուշադրության չի արժանացնում նման հրթիռը, որի քաշը համարյա 4 տոննա է, որի մարտական մասը մինչեւ 480 կիլոգրամ է, կրակի ճշտությունը ընդամենը մի քանի մետր, եւ հեռահարությունը մի քանի հարյուր կիլոմետր… Միամտություն է կամ իրոք գործից անտեղյակ մարդիկ են», ասել է նա։
Անդրադառնալով հարցին, թե խորքային հետախուզության տվյալներն ի՞նչ են ցույց տալիս՝ հակառակորդը պաշտպանողական, թե՞ հարձակողական բնույթի գործողությունների է պատրաստվում, Լեւոն Մնացականյանն ասել է, որ ադրբեջանական կողմը հարձակողական մարտավարության մասին ավելի շատ հայտարարությունների մակարդակով է խոսում, իսկ իրականում պաշտպանական լուրջ աշխատանքներ են իրականացնում: «Դա նշանակում է, որ ինչքան էլ իրենք հայտարարություններ անեն, միեւնույն է գիտեն, որ գա ժամանակը՝ իրենք պետք է նաեւ պաշտպանվեն»։
Source: Yerkir Media
Link: Արցախի ՊՆ. Ադրբեջանի նոր հարձակման դեպքում կընդլայնվի անվտանգության գոտին