Tert.am-Երեկ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում վիրավորված 2 զինվորների վիճակը կայուն ծանր է, նրանց կյանքին վտանգ է սպառնում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մուրացան» հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:
Նշենք, որ այսօր «ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն է շրջանառվել, որ երեկ ԼՂՀ-ում Մարտունու ուղղությամբ 2 զինվորներ են վիրավորվել:
«Մուրացան» հոսպիտալի տնօրենը Tert.am-ին հայտնեց, որ երեկ Ստեփանակերտի հոսպիտալից իրենց մոտ են տեղափոխվել պայմանագրային զինծառայող 24-ամյա Քաջիկ Բադալյանը և ժամկետային զինծառայող 19-ամյա Կարապետ Միքայելյանը։
Հարցին, թե 2 զինվորների կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, հոսպիտալի տնօրենը պատասխանեց. «Իհարկե, սպառնում է: Հրազենային վիրավորում է, իհարկե, կյանքին վտանգ կարող է սպառնալ և սպառնում է»:
Նշենք, որ «Արմենպրես»-ը տեղեկացնում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ տեղափոխված մեկ այլ վիրավոր զինծառայողի՝ Արցախի Աշան գյուղի բնակիչ 32-ամյա Գագիկ Պողոսյանի մասին։
Արցախի զինվորական հոսպիտալից Tert.am-ին հրաժարվեցին տեղեկություն հայտնել վիրավոր Գագիկ Պողոսյանի այնտեղ գտնվելու և վիճակի մասին։
Հիշեցնենք, որ ըստ ՊԲ հաղորդագրության՝ նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը շփման գծի արևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (10 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 արկ):
Source: Yerkir Media
Link: Արցախում վիրավորված զինծառայողների վիճակը կայուն ծանր է