Բակո Սահակյանը ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ

December 9, 2017

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ:

«Սիրելի′ արցախցիներ,

Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ:

1991 և 2006 թվականների դեկտեմբերի 10-ի հանրաքվեները վճռորոշ դերակատարություն ունեցան մեր հանրապետության կյանքում՝ ազդարարելով ժողովրդավարության ուղին բռնած մեր ժողովրդի հաստատուն կամքի և անսասան ոգու մասին:

Այս բոլոր տարիների ընթացքում Մայր Հայաստանի եւ սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ մենք կարողացանք հաղթահարել բոլոր դժվարություններն ու փորձությունները, պաշտպանեցինք մեր պետական անկախությունը և շարունակում ենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այն հետևողականորեն ամրապնդելու ու զարգացնելու ուղղությամբ:

Սույն թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն և Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունումը դարձան դրա վառ ապացույցները:

Նոր Մայր օրենքը մեր հանրապետությունում սահմանադրականության, ժողովրդավարական ինստիտուտների հետագա կայացման ու զորացման օբյեկտիվ վկայությունն է, որը կրկին փաստեց մեր ժողովրդի հավատարմությունը ազատ եւ քաղաքակիրթ երկիր կառուցելու գործին:

Թանկագի′ն հայրենակիցներ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ պետական այս կարևորագույն տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, երջանկություն ու բարօրություն Արցախի յուրաքանչյուր ընտանիքի»,-ասված է ուղերձում:

Source: Yerkir Media
Link: Բակո Սահակյանը ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image