Գառնիի բնակիչներն այսօր փակել էին գյուղ մտնող գլխավոր ճանապարհը

Գառնի գյուղում հոսող Ազատ գետի տարածքում վերջին օրերին սկսվել են իրականացվել Քաղրցաշենի ինքնահոս ոռոգման ծրագրի աշխատանքները, որոնք, ըստ գյուղացիների, ապօրինաբար են իրականացվում: Գառնեցիներն այսօր մեկ մարդու նման բողոքում ու պայքարում էին գետի ազատության համար: Նրանք փակել էին Գառնի մուտք գործող գլխավոր ճանապարհը:

Գառնի գյուղի բնակիչների խոսքով՝ ծրագրի ղեկավարներն օգտվում են երկրի լարված իրավիճակից եւ առանց Կառավարության ու Համաշխարհային բանկի կողմից տրված վերջնական որոշման սկսում են կառուցապատման ընթացքը:

«Արդեն մոտ 2 տարի կլինի, որ մենք պայքարում ենք Գառնիի կիրճում էկոհամակարգի ոչնչացման դեմ, քանի որ այդ ծրագրի իրականացման դեպքում մենք կորցնում ենք մեր գետը: Բացի դրանից, գյուղն ինքը ոռոգման շատ մեծ կարիք ունի, մարդիկ չեն կարողանում մշակել իրենց ցանքատարածություններն, այգիները»,- ասել է Գառնի գյուղի բնակիչ Մետաքսյա Պետրոսյանը:

Ոստիկանական ուժերը հավաքը ցրելու նպատակով գյուղացիներին հավատացրին՝ որոշ ժամանակով շինարարական աշխատանքերը դադարեցվելու են: Հավաքվածներն ազատեցին ճանապարհը, սակայն քիչ անց տեղեկացանք, որ շինարարության ղեկավարին ոչ մի նման հրահանգ չի տրվել ու աշխատանքերն ընթանում են նույն հունով:

Շինարարության ղեկավարը վստահեցրել է, որ առկա են իրեն անհարժեշտ փաստաթղերը եւ նա այսօր լիովին իրավունք ունի դրանք իրագործելու: Ղեկավարը նշել է, որ Քաղրցաշենի ինքնահոս ոռոգման ծրագրի աշխատանքերը նրանք այս օրերին սկսել են իրենց ֆինանսներով, եւ դեռ չունեն կառավարության եւ Համաշխարհային բանկի կողմից տրված հստակ որոշումը: Իսկ այն դիտարկմանը, թե գյուղացիներն անհանգստացած են ներկայի եւ հետագա ծառահատումների խնդրով, շինարարության ղեկավարը պատասխանել է.

«Ծառերը չեն կտվում, միգուցե կտրվում են ուղղակի թփեր: Եթե մենք ծառ հատենք, ապա դրանից հետո պետք է երեքը տնկենք»,- ասել է «Ֆոր Դիրեքշն» ՍՊԸ-ի ղեկավար Վաչե Դավթյանը:


Source: Yerkir Media
Link: Գառնիի բնակիչներն այսօր փակել էին գյուղ մտնող գլխավոր ճանապարհը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image