Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Ստամբուլում` Գերմանիայի հյուպատոսարանում, նախատեսված Դրեզդենի սիմֆոնիկ նվագախբի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին «Աղետ» խորագրով համերգի չեղարկման վերաբերյալ պատճառաբանում է հրապարակել:
«Ստամբուլում նոյեմբերի 13-ին հյուպատոսարանի շենքերն ազատ չեն լինի»,- DPA գործակալությանը նման տարօրինակ բացատրություն է տվել Գերմանիայի ԱԳՆ-ն: Գործակալության տեղեկություններով՝ համերգը չեղարկելու որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ նախարարությունում իմացել են, որ համերգին մասնակցելու հրավերներ են ուղարկվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին, ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին և Մշակույթի ու զբոսաշրջության նախարար Նաբի Ավջիին:
Գերմանիայի ԱԳՆ-ն նշել է, թե հրավերներն ուղարկվել են առանց ԱԳՆ-ի մասնակցության:
Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը ծրագրում է «Աղետ»-ը նոյեմբերին ներկայացնել Բելգրադում եւ Երևանում: «Աղետ» ծրագիրը բաղկացած է Զեյնեթ Գեդիզիօղլուի (Թուրքիա), Վաչե Սարաֆյանի (Հայաստան) և Հելմուտ Օհրինգի (Գերմանիա) աշխատանքներից:
Թուրքիայի Հանրապետությունը հայտարարել է ԵՄ Ստեղծարար Եվրոպա ծրագրից հրաժարվելու մասին այն պատճառով, որ ծրագիրն աջակցում է «Աղետ» նախագծին: Նախագծին աջակցելու մասին հայտարարել է անգամ Գերմանիայի արտաքին գործերի նախարար ՖրանկՎալտեր Շտայնմայերը: «Այս նախագիծը հրավիրում է հանդիսատեսին դուրս գալ ատելության աշխարհից: Ես վստահ եմ, որ միայն այն մարդիկ, ովքեր իմանում եւ ճանաչում են մյուսների երազներն ու տրավմաները, կարող են նպաստել պայծառ ապագայի հաստատմանը: «Աղետ» նախագիծն այս ճանապարհին ամենակարևոր հիմնաքարն է», նշել է Շտայնմայերը:
Source: Yerkir Media
Link: Գերմանիայի ԱԳՆ-ը հրապարակել է Ստամբուլում Ցեղասպանությանը նվիրված համերգի չեղարկմանան պատճառը