Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հորդորում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Գերմանացի մտավորականները, որոնց շարքում է նաև ազգությամբ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը, բաց նամակ են հրապարակել` ուղղված Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեսթագին, որով նրան հորդորում են հունիսի 2-ի բանաձևով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական «Die Zeit» պարբերականը:

Նամակում մտավորականները հորդորել են «հստակ դիրքորոշում ցուցաբերել հունիսի 2-ին և հայ ժողովրդի դեմ իրականացված հանցանքը կոչել իր անունով` ցեղասպանություն»: «Պատկերացրեք` ապրում եք Գերմանիայում, որտեղ Հոլոքոստը ժխտվում է. արդյոք դա չէ՞ր դիտարկվի որպես հանցանքի շարունակություն»,- նշել են մտավորականները:

«Մենք հորդորում ենք Ձեզ կանգնել եվրոպական հիմնարար արժեքների կողքին և հստակություն մտցնել բառապաշարում: Հայոց ցեղասպանության ժխտումը ներկայում հիմք է հանդիսանում նոր բռնությունների համար: 1915 թվականին հայերն ահաբեկիչ էին անվանվում, նրանց գույքը խլվեց, իսկ հիմա` միայն 2015 թվականին Թուրքիայում պաշտոնապես ավելի քան 5 հազար քուրդ է սպանվել, ովքեր մեղադրվում էին ահաբեկիչ լինելու մեջ: Այս ամենը հնարավոր է դարձել, քանի որ Թուրքիան պարբերաբար հրաժարվում է առերեսվել իր պատմության հետ, իսկ նրա` անցյալում, ինչպես նաև ներկայում կատարած գործողություները միջազգային հանրության կողմից որևէ պատասխանի չեն արժանանում»,- նշել են մտավորականները` ընդգծելով, որ Բունդեսթագն ու դրան նախորդած կառույցները Հայոց ցեղասպանության հարցում ավելի քան 100 տարի լռություն են պահպանել:


Source: Yerkir Media
Link: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հորդորում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image