«Գիշերն ունեինք տեղեկություն, որ հակառակորդն իրականցնում է որոշակի շարժ, սակայն դա ընկալել ենք որպես լոկալ հատվածում հերթական սրացում»

Ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկի մասին տեղեկությունը ստանալու պահին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը տեղափոխվել է Պաշտպանության բանակի հրամանատարական կետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Բակո Սահակյանը նշեց, որ հրամանատարական կետում, ծանոթանալով օպերատիվ իրավիճակին, տվել է համապատասխան կարգադրություններ, հանձնարարականներ, ցուցումներ և հրամաններ:

«Տվել եմ համապատասխան հրաման Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին՝ կազմակերպել ոչ թե դիմադրություն, այլ իրականացնել միջոցառումներ հակառակորդի գործողությունները կասեցնելու՝ նպատակ դնելով հետապնդել նրա կենդանի ուժը և ոչնչացնել միջոցները: Հանձնարարականը կատարել են Արցախի հերոսական բանակի ժամկետային զինծառայողները, սպայական կազմը, Արցախին օգնության հասած մայր Հայաստանից կամավորականները, աշխարհի տարբեր կետերից մարտի եկած հայորդիներ: Առաջադրանքը փառքով կատարվել է Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականի գլխավորությամբ»,- նշեց Բակո Սահակյանը:

ԼՂՀ նախագահը նաև նկարագրեց ապրիլի 1-2-ի գիշերը իր աշխատասենյակում տեղի ունեցած քննարկումները:

«Բոլոր նրանք, ովքեր տեղյակ են մեր աշխատանքային առօրյայի մասին գիտեն, որ մենք չենք սահմանափակվում դասական ծառայողական պարտականությունների կատարմամբ: Մենք աշխատանքը սկսում ենք շուտ և ավարտում ենք ուշ գիշերը: Այդ օրը մենք, գտնվելով իմ աշխատասենյակում, գիշերը 01:15-ին ունեինք տեղեկություն, որ հակառակորդն իրականցնում է որոշակի շարժ»,- ասաց Սահակյանը: Այդ տեղեկությունները Բակո Սահակյանը քննարկել է ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մնացականյանի, ոստիկնապետ գեներալ Աղաջանյանի և ԱԱԾ տնօրենի հետ:

«Տեղեկությունն ընդունել ենք, որպես հակառակորդի կողմից իրականցվող հերթական սադրանք՝ ընկալելով որպես լոկալ հատվածում հերթական սրացում: Մենք այդպիսի նախնական տպավորություններով մեկս մյուսին ցտեսություն ենք հայտնել և մեկնել, այսպես ասած, «հանգստանալու»: ՊԲ հրամանատարը մեկնել է իր աշխատասենյակը և սկսել է լրացուցիչ  ստուգումներ իրականացնել»,- նշեց Սահակյանը՝ հավելելով, որ հակառակորդը գիշերը ժամը 03:00-ի շրջանում սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ: Դրանից հետո ԼՂՀ նախագահը տեղափոխվել է ՊԲ հրամանատարական կետ և տվել համապատասխան հանձնարարականներ:


Source: Yerkir Media
Link: «Գիշերն ունեինք տեղեկություն, որ հակառակորդն իրականցնում է որոշակի շարժ, սակայն դա ընկալել ենք որպես լոկալ հատվածում հերթական սրացում»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image