Գյուղատնտեսական ապահովագրության ծրագրի իրականացումը կսկսվի դեկտեմբերից

November 15, 2017

Գյուղատնտեսական ապահովագրության պիլոտային ծրագրի իրականացումը կսկսվի դեկտեմբերից: Ապահովագրական փաթեթը նախնական շրջանում ներառելու է հետեւյալ հիմնական ռիսկերը՝ կարկուտ, ցրտահարություն, հողմ եւ ջրհեղեղ: Գերմանիայի կառավարությունը պատրաստ է 5 միլիոն եվրոյի չափով աջակցել Հայաստանի կառավարությանը: Հայաստանի կառավարությունը ևս հատկացրել է նույնքան գումար՝ գյուղացիական տնտեսությունների ապահովագրավճարը մասնակի սուբսիդավորելու նպատակով։

Գյուղատնտեսությունը Հայաստանում 2016 թ. դրությամբ կազմել է համախառն ներքին արդյունքի մոտ 16%-ը, իսկ այդ ոլորտում զբաղվածների թիվը՝ տնտեսապես ակտիվ բնակչության 34%-ը, ինչը նշանակում է, որ տնտեսական զարգացման համար գյուղատնտեսության ոլորտը կարևորագույններից է: Գյուղացիական տնտեսություները ներկայումս շարունակում են լուրջ կորուստներ ունենալ անակնկալ եղանակային պայմանների պատճառով:

Գյուղատնտեսական ապահովագրության ներդրումը կնվազեցնի գյուղացիական տնտեսությունների, այդ թվում փոքր եւ միջին տնտեսությունների, ծայրահեղ եղանակային պայմաններով պայմանավորված խոցելիության մակարդակը, կնպաստի գյուղատնտեսական վարկերի հասանելիությանը և գյուղատնտեսության ոլորտում ներդրումների աճին:

Առաջին փուլում ապահովագրությունը նախատեսվում է սկսել բուսաբուծության ճյուղից: Հետեւաբար, ապահովագրական փաթեթը նախնական շրջանում ներառելու է Հայաստանում առկա հետեւյալ հիմնական ռիսկերը՝ կարկուտ, ցրտահարություն, հողմ եւ ջրհեղեղ, հետագայում սպասվում է, որ ռիսկերի մեջ կներառվի երաշտը: Այն դեպքերում, երբ բերքը վնասվի այլ պատճառներով (օրինակ` գյուղացիական տնտեսության աշխատանքի ոչ ճիշտ կազմակերպման) գումարը չի հատուցվի: Առաջին փուլում նախատեսվում է ներառել փաթեթներում հետեւյալ 10 բերքատեսակները՝ ցորեն, կարտոֆիլ, խաղող, ծիրան, խնձոր, լոլիկ, սեխ, գարի, դեղձ եւ կաղամբ:

Նախատեսվում է իրականացնել ծրագիրը պիլոտային տարբերակով 2 տարի, ինչի արդյունքում պարզ կդառնա, թե ինչ սկզբունքով կիրականացվի ապահովագրությունը: Խորհրդատու կազմակերպության օգնությամբ կառաջարկվեն եւ կփորձարկվեն Հայաստանում առավել արդյունավետ տարբերակները: Գյուղատնտեսական վարկերի ապահովագրություն՝ որպես ձեռնարկատիրական ռիսկի ապահովագրում չի սպասվում:

Source: Yerkir Media
Link: Գյուղատնտեսական ապահովագրության ծրագրի իրականացումը կսկսվի դեկտեմբերից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image