«Գևորգյան մարտարվեստի դպրոց»-ում մեկնարկեց Ռազմամարտական ուսուցման համապարփակ ծրագիրը
March 10, 2018
Ազգ-բանակ հայեցակարգով «Գեւորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնն այսօր ազդարարել է Ռազմամարտական ուսուցման համապարփակ ծրագրի մեկնարկի մասին:
Արցախի հերոս, Արցախի թեմի հոգեւոր առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ տեղի ունեցավ նաեւ ռազմամարտական ուսուցման հատուկ լսարանի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը, Հայաստանի Հանրապետության բանակի գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, ռազմական, հասարակական, մշակույթի ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, երիտասարդներ:
Լրագրողների հետ զրույցում կենտրոնի հիմնադիր Գեւորգ Գեւորգյանը նշել է, որ Ռազմամարտական ծրագիրն իրականացվելու է հատուկ դասընթացների միջոցով: Ըստ նրա, մասնակիցներն անցնելու են կրակելու հմտություն ու պատրաստություն, ռազմագիտություն, սառը զենքերի կիրառման հմտություններ, ռազմամարտական տակտիկական վարժանքներ: