Դավիթ Բաբայանը՝ Լապշինի արտահանձնման մասին. «Գործարքը կոռումպացված է». tert.am

February 8, 2017

Բլոգեր Լապշինի արտահանձնումը Հոլոքոստի շարունակությունն է:  Ինչ տարբերություն` երկրորդ աշխարհամարտի ժամանակ հրեաներին տանում էին գազային խցիկներ, թե անձին ուղարկում են Բաքու:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով բլոգեր Լապշինի՝ Ադրբեջանին արտահանձնմանը:

«Սա Հոլոքոստի շարունակությունն է, և այդ կեղտոտ գործարքի մեջ թաթախվեց  Լուկաշենկոն: Հարցը մարդու անձը չէ, դա երկրորդական է, հարցն այն է, որ ինքը ներկայացնում է մի պետությունը, որի ժողովուրդը  ֆաշիզմից ամենատուժած պետությունն է, երկրորդ աշխարհամարտի ժամանակ  յուրաքանչյուր երրորդը զոհվել է»,-ասաց Դավիթ  Բաբայանը:

Նրա խոսքով՝ գործարքը կոռումպացված է, իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կեղծ հայտարարություններ է անում, թե Ալեքսանդր Լապշինի նկատմամբ հետախուզում է հայտարարել Ինտերպոլը.
«Փաստորեն կոռումպացված, կաշառք վերցրած Լուկաշենկոն նույնիսկ չի ամաչում և աշխարհով մեկ հայտարարում է, թե իբր Ինտերպոլն է հետախուզում հայտարարել Լապշինի նկատմամբ, այնինչ դա այդպես չէ: Փաստորեն Լուկաշենկոն արդարացնում է իր՝  մանաթներով և խավիարով ստացած կաշառքը»:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ Բելառուսի այդ քայլը մեսիջ է հայկական կողմի համար, ինչը նաև միջազգային հանրության լռության հետևանքն է.

«Երբ  Հունգարիան կաշառվելով Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին վերադարձրեց Ադրբեջանին, համապատասխան կազմակերպությունները՝ ՄԱԿ-ը, ԵՄ կառույցները, մարդու իրավունքների ինստիտուտները լռեցին: Հիմա Լապշինն է, սակայն մենք  առաջնորդվելով  զգացմունքներով  չպետք է փորձենք գործ ունենալ վրեժի հետ, սա կլինի  ողբերգություն»:

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարն ասաց, որ եթե  վաղն Ադրբեջանը  ստանա հնարավորություն այս կամ այն ձևով հայկական կողմի  վրա ճնշելու, միջազգային կառույցները պապանձված սպասելու են.

«Եթե վաղն Ադրբեջանը մեզ ճնշելու հնարավորություն ունենա, ցեղասպանություն է անելու, և այդ նույն կազմակերպությունները պապանձված սպանելու են և նայելու, թե ինչ է կատարվում: Դրա համար պետք է լինել ուժեղ, ունենալ հզոր բանակ, նման ագրեսորին զսպելու համար»:

Հայտնի բլոգերը, Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում», ապա 2-րդ անգամ էր այցելել Բաքու՝ ուկրաինական անձնագրով: Լապշինը նաև իր բլոգում հրապարակումներ էր կատարել Ադրբեջանի մասին, ներկայացնելով խնդիրները, որոնց ինքը բախվել էր այցելության ժամանակ, քննադատել քաղաքականությունը:

Բելառուսի Գերագույն դատարանն ավելի վաղ մերժել էր Լապշինի բողոքը իրեն Ադրբեջան արտահանձնելու մասին որոշման շուրջ, ինչից հետո փետրվարի 7-ին Լապշինին հատուկ չվերթով տեղափոխել են Բաքու։


Source: Yerkir Media
Link: Դավիթ Բաբայանը՝ Լապշինի արտահանձնման մասին. «Գործարքը կոռումպացված է». tert.am

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image