«Դժվարություններ չկան, քանի որ մեր հողն ենք պահում». վստահեցնում են սահմանապահները

Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանի պաշտպանները զորամասում մարտական հերթափոխի երդում տալուց հետո են բարձրանում դիրքեր: Դիրքերի դժվարին ճանապարհը, թանձր մառախուղը սովորական են զինծառայողների համար: Հակառակորդը մի քանի կիլոմետրի վրա է, այնպես որ մառախուղը նույնիսկ օգտակար է՝ ապահովում է հակառակորդի համար տեսանելի հատվածներում անվտանգ տեղաշարժը:
 
Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանին իրավիճակը հանգիստ է, հակառակորդն այստեղ առանձնակի ակտիվություն չի դրսեւորում, կրակոցներ քիչ են հնչում: Շարքային Արսեն Խանինյանն ասում է՝ դիրքում կանգնած ոչ միայն հայրենիքի սահմաններն է պաշտպանում, այլեւ սեփական գյուղն ու ընտանիքը. դիմացը թշամին է, թիկունքում՝ իր հայրենի գյուղն ու հարազատները:
 
«Դժվարություններ մեզ համար չկան, քանի որ մեր հողն ենք պահում: Իրանք հետ պիտի գնան, էս հարցը սենց պիտի լուծվի»,- ասում է շարքային Արսեն Խանինյանը:
«Հակառակորդն անկանխատեսելի է, բայց մենք միշտ պատրաստ ենք դիմակայել, վնասներ պատճառել նրան: Խորհուրդ չենք տա, որ ուզենան մեզ վնասել»,- նշեց Մայոր Գրիգոր Ներսեսյանը:
 
Մայորն ասում է՝ երբեմն հակառակորդը փորձել է նաեւ վնասել, բայց համարժեք պատասխան ստանալուց հետո հասկացել է՝ անհնար է հայ դիրքապահների դիմադրությունը կոտրել: Զորամասի հրամանաատարի տեղակալ Արշալույս Չոբանյանն էլ հավելում է՝ անընդհատ աշխատանքներ են տարվում դիրքերի ինժեներական եւ նյութատեխնիկական կահավորվածությունը բարելավելու ուղղությամբ. բոլոր դիրքերն արդեն ապահովված են գիշերային տեսանելիության սարքերով:
 
Հերթափոխի սննդի պատասխանատուն էլ ցույց է տալիս սննդի պահուստը եւ հավատացնում՝ այն ոչ միայն բավարար քանակությամբ է, այլեւ համեղ է եւ օգտակար:
 
«Սննդի որակը շատ լավն է, ոչ մի բողոքելու բան չկա, զինվորը երբեք սոված չի մնում»,- մանրամասնեց Ռուսլան Մկրտիչյանը:
 
Մոտ օրերին տղաները կսկսեն պատրաստվել Ամանորին՝ դիրքը կզարդարեն, տոնածառ կդնեն: Ասում են՝ այդ օրերի տոնական տրամադրությունը չի թուլացնում իրենց զգոնությունը. ողջ ժողովուրդն իրենց զենքի ու մտքի հզորության հույսին է:
Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image