Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին չի պետականացվի
March 2, 2018
Թուրքիայի բարձրագույն վարչական դատական մարմինը՝ Պետական խորհուրդը չեղյալ է համարել Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման մասին նախարարների խորհրդի որոշումը: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:
Դիարբեքիրի Սուր գավառում սկսված թուրք-քրդական բախումների պատճառով 2016 թվականի մարտի 21-ին Թուրքիայի նախարարների խորհուրդը որոշում էր կայացրել պետականացնել գավառի մեծ մասը: Պետականացման տարածքների մեջ էին մտել նաև Սուրբ Կիրակոս, քելդանիական Սուրբ Սարգիս, հայկական կաթոլիկ, ասորական Մարիամ Աստվածածին և բողոքական եկեղեցիները:
Պետական խորհուրդն արձանագրել է, որ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին մշակութային ժառանգություն է, որը պետք է առնվի պաշտպանության տակ: Բացի այդ, որոշման մեջ նշվել է, որ այն բաց է կրոնական արարողությունների համար և որ թուրք-քրդական բախումներից մեծապես տուժած եկեղեցին պետք է մոտ ժամանակներս վերանորոգվի: