«Եթե ես խոչընդոտեի Միհրանի առաջընթացին, նա չէր մասնակցի օլիմպիական խաղերին». Միխաիլ Մամիաշվիլի

August 20, 2016

Ռուսաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխաիլ Մամիաշվիլին rusarminfo.ru-ի հետ հարցազրույցում անդրադարձել է ԶԼՄ-ների այն հրապարակումներին, ըստ որի, նա խոչընդոտում է հայ ըմբիշ Միհրան Հարությունյանի առաջընթացին:

«Ես լսում եմ տարբեր հիմարություններ, համարենք այս հրապարակումները դրանցից մեկը: Միհրան Հարությունյանը եղել է եզրափակչում, այնպես չէ՞: Պետք չէ տրվել այն խոսակցություններին, որ նրա հանդեպ անարդարացի են եղել: Այս հարցում ես այլ՝ ավելի ծանրակշիռ տեսակետ ունեմ: Կանոնները չեն խախտվել: Այո, համակրանք է եղել սերբ մասնակցի նկատմամբ: Իսկ ի՞նչ էիք կարծում: Ըմբիշները նման բաների հետ առնչվում են»:

Մամիաշվիլին տարածված խոսակցությունները հիմարություն է որակում՝ շնորհավորելով Միհրան Հարությունյանին.

«Համակրանք կար սերբի նկատմամբ ու նրան միավոր տվեցին: Եթե միավորը տային հայկական կողմին, սերբերը արդարություն կպահանջեին: Դա ու դրա քննարկումը անհեռանկարային մոտեցում է: Ես ուզում եմ ի սրտե շնորհավորել Միհրանին արծաթե մեդալի առիթով: Իսկ ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե ես խանգարում եմ Միհրանի առաջընթացին, ապա ասեմ, որ եթե ես խանգարեի, նա չէր հայտնվի Օլիմպիական խաղերում ու դուրս չէր գա եզրափակիչ: Այս ամենը հիմարություն է: Ես ուրախ եմ իմ եղբայրների համար: Ես ու Լեվոն Ջուլֆալակյանը 1988 թվին հաղթել ենք օլիմպիական խաղերում: Ինչպե՞ս կարող էին մեզ մոտ նման հարաբերություններ լինել»,- եզրափակել է Միխաիլ Մամիաշվիլին:

Հիշեցնենք, որ հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը Օլիմպիական խաղերում դարձավ արծաթե մեդալակիր՝ եզրափակչում պարտվելով սերբ Դավոր Դավոր Շտեֆանեկին: Սակայն ԶԼՄ-ներում մեծ աղմուկ բարձրացավ, քանի որ շատերի կարծիքով, եզրափակչում Միհրանի նկատմամբ անարդար են վարվել ու զրկել հաղթանակից: Ի պաշտպանություն հայ ըմբիշի՝ change.орg կայքում ստորագրահավաք է սկսվել, որին արդեն միացել է շուրջ 30,000 մարդ:

[youtube https://www.youtube.com/watch?v=NrdOZqx3kyY?feature=oembed&w=848&h=477]


Source: Yerkir Media
Link: «Եթե ես խոչընդոտեի Միհրանի առաջընթացին, նա չէր մասնակցի օլիմպիական խաղերին». Միխաիլ Մամիաշվիլի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image