Եվրոպական երկրները «վճարում» են՝ իրեն արհամարհելու համար․ Պուտին

June 7, 2018

Ռուսաստանի նախագահ ժՎլադիմիր Պուտինը 16-րդ անգամ հեռակա ասուլիս է անցկացրել՝ ուղիղ եթերում մի քանի ժամ պատասխանելով ռուսաստանցիների հարցերին, իհարկե՝ ոչ բոլորին: Պուտինը պնդել է, որ երկիրը շարժվում է տնտեսական զարգացման կայուն ճանապարհով, իսկ Արեւմուտքը պատժամիջոցներով փորձում է խոչընդոտել Ռուսաստանի հզորացմանը:

Նախագահը հիշեցրել է, թե տարիներ առաջ զգուշացրել էր եվրոպական երկրներին, որ Միացյալ Նահանգները կփորձի իր իշխանությունը հաստատել ուրիշ երկրների վրա, իսկ հիմա, Պուտինի համոզմամբ, նրանք «վճարում են՝ իրեն արհամարհելու համար»:

Պուտինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, ըստ էության, պատժամիջոցներ է կիրառել իր գործընկերների հանդեպ՝ մաքսատուրքեր սահմանելով Միացյալ Նահանգներ ներկրվող պողպատի եւ ալյումինի վրա:

«Ոչ միայն Եվրոպայի, այլեւ Կանադայի, Մեքսիկայի համար պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերի սահմանումը պատժամիջոց է: Պարզապես այլ կերպ են ձեւակերպել: Իսկ ինչի՞ համար: Նրանք, ինչ է, Ղրի՞մն են բռնակցել, ինչպես ասում են մեր գործընկերները»,- ընդգծել է Պուտինը:

Անդրադառնալով նաեւ սիրիական պատերազմին՝ Պուտինն ասել է, որ Ռուսաստանն այս պահին չի ծրագրում դուրս բերել իր զորքը Սիրիայից:

Source: Yerkir Media
Link: Եվրոպական երկրները «վճարում» են՝ իրեն արհամարհելու համար․ Պուտին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image