Երեւանի բուսաբանական այգում զբոսանքի գնացած երեխաներից մեկին ապտակող կինը ոչ թե մանկապարտեզի դաստիարակչուհին է, այլ նրա մայրը։ Այս մասին «Երկիր մեդիային» հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից , վստահեցնելով, որ պարզել են նրա ինքնությունը. խումբը ոչ թե մանկապարտեզային է, այլ այդ կինն իր եւ ընկերուհու երեխաների հետ դուրս էր եկել զբոսանքի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ երեւում էր, թե ինչպես է Բուսաբանական այգում զբոսանքի ելած մանկահասակ երեխաներից մեկին ապտակում ուղեկցող կինը: Տեսանյութը լայն քննարկման առարկա է դարձել՝ առաջացնելով շատերի վրդովմունքը:
Երեկ քաղաքապետարանից նաեւ նշել էին, որ կպարզեն իրողությունը եւ մանկապարտեզի դաստիարակչուհին կենթարկվի պատասխանատվության։
Ի դեպ, եթե անգամ ապտակողը երեխայի մայրն է, ապա դա նրան չի ազատում պատասխանատվությունից։ Ոստիկանությունն արդեն հայտարարել է եւ հիշեցրել, որ ՔրՕր 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար նախատեսում է երեքից յոթ տարի ժամկետով ազատազրկում:
Source: Yerkir Media
Link: Երեխային ապտակողը ոչ թե դաստիարակչուհին է, այլ նրա մայրը. պնդում է քաղաքապետարանը