Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 8-ին ընդունեց Երևան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ ուրախ է Երևանում հյուրընկալել Հայաստանի վաղեմի բարեկամ Անն Իդալգոյին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին։ «Մեծ հաճույք է ողջունել Երևանում Ձեր գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը, որի կազմը խորհրդանշում է այն համերաշխությունը, որն առկա է ֆրասիական քաղաքական ուժերի միջև հայֆրանսիական բարեկամության հանդեպ»,- ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Փարիզի քաղաքապետն ընդգծեց, որ հաճելի է գտնվել Հայաստանում՝ Երևանի օրվան նվիրված տոնակատարությունների առիթով և այդ առիթն օգտագործել նաև երկու քույր քաղաքների միջև կապերի ու համագործակցության առավել զարգացմանն ուղղված հետագա քայլերը քննարկելու նպատակով։
Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց հայֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ընդլայնմանը, երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցությանը։ «Ձեր անկեղծ նվիրվածությունը հայֆ-րանսիական բարեկամությանը դրսևորվել է մշտապես ձեր գործունեության ողջ ճանապարհին, և հաճելի է, որ այդ ճանապարհի մի մասը մենք անցել ենք միասին։ Առանձնահատուկ երախտագիտությամբ ենք հիշում, որ անցյալ տարի ապրիլի 24-ի երեկոյան Դուք անձամբ մարեցիք Էյֆելյան աշտարակի լուսավորությունը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի»,- շեշտեց Էդվարդ Նալբանդյանը։
Ի նշանավորում հայֆրանսիական հարաբերությունների, Երևանի և Փարիզի միջև համագործակցության ամրապնդման գործում նրա ունեցած կարևոր ավանդի՝ Էդվարդ Նալբանդյանը Անն Իդալգոյին հանձնեց ԱԳՆ պատվո մեդալը:
Source: Yerkir Media
Link: Էդվարդ Նալբանդյանը Փարիզի քաղաքապետին ԱԳՆ պատվո մեդալ է հանձնել