Չնայած ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում ապրիլի 5-ի ժամը 12:00-ի դրությամբ կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածության, հակառակորդը պարբերաբար շարունակում է իր սադրիչ գործողություններով ապակայունացնել իրավիճակը, որոնք հաճախ բերում են մահվան ելքով դեպքերի:
ԼՂՀ պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ապրիլի 21-ին` ժամը 06:30-ին մոտ սահմանի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1984թ. ծնված Մարատ Ռաֆայելի Դանիելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ առաջնային գծում տիրող իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:
Source: Yerkir Media
Link: Թալիշի սահմանին զոհվել է պայմանագրային զինծառայող Դանիելյանը