Թուրքական TRT հեռուստաալիքի 42 աշխատակիցները ձերբակալվել են

August 12, 2016

Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին մասնակցության կասկածանքով ձերբակալվել են հանրային TRT հեռուստաալիքի 42 աշխատակիցներ:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, ձերբակալված աշխատակիցները, որոնց մեջ կան նորությունների հաղորդավարներ եւ տեսուչներ, տարվել են Անկարայի ոստիկանության վարչություն:

Ներկայում աշխատանքներ են տարվում այլ աշխատակիցների  ձերբակալության գծով, որոնց նկատմամբ համապատասխան որոշում է ընդունվել:

Թուրքական «Հյուրիեթ»-ը գրել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Աֆղան Ալան հայտարարել է, որ այսպես կոչված «Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության» (FETO) դեմ անցկացված գործողության շրջանակում 76100 պետական ծառայողներ հեռացվել են աշխատանքից:

Թուրքիայի կրթության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ գյուլենականների հետ կապեր ունենալու կասկածանքով Թուրքիայում 27 հազարից ավելի կրթության աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից, որոնց այլեւս արգելվել է աշխատել այդ ոլորտում:

Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը նշել է, որ ներկայում բերման է ենթարկվել 5171 մարդ, 16899 մարդ ձերբակալվել է: Ձերբակալվածներից 3083-ը ոստիկաններ են, 7248-ը` զինվորներ, 2288-ը` դատավորներ եւ դատախազներ: 3601 մարդ ազատ է արձակվել, իսկ 7173 մարդ գտնվում է հսկողության տակ, 75 հազար մարդու անձնագրերը չեղյալ են հայտարարվել:

Աֆղան Ալան նաեւ նշել է, որ 190 զինվորականներ, որոնցից 9-ը գեներալներ եւ 96-ը ոստիկաններ, գտնվում են որոնման մեջ:

Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է:

Վերջին տվյալների համաձայն` դիմակայության արդյունքում, որի կենտրոնը դարձել էին Ստամբուլը եւ Անկարան, զոհվել են 246 քաղաքացի` չհաշված 100-ից ավելի խռովարարներին, 2 հազարից ավելի մարդ էլ վիրավորվել են:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ հեղաշրջմանը մասնակից  Թուրքիայի զինված ուժերի հարյուրավոր զինծառայողներ փախել են Իրաք, որոնց մի մասը միացել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին:


Source: Yerkir Media
Link: Թուրքական TRT հեռուստաալիքի 42 աշխատակիցները ձերբակալվել են

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image