«Թուրքիան հավակնություններ ունի Բաթումիի, Օզուրգեթիի եւ Ախալցխայի նկատմամբ». վրացի քաղաքական գործիչ

August 21, 2017

akhaltskha.net-Օգոստոսի 20-ին Ախալքալաքի կենտրոնական այգու կողքին գտնվող նախկին կինոյի տան շենքում բացվեց «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության գրասենյակը: Գրասենյակի բացման արարողությանը Ախալքալաքի հասարակության եւ կուսակցության տեղի առաջնորդների հետ մեկտեղ ներկա էին նաեւ կուսակցության  հիմնադիրներ Դավիթ Թարխան-Մոուրավին եւ Իռմա Ինաշվիլին:

Հիմնադիր հավաքին  ներկա էին Ախալքալաքի, Ախալցխայի եւ Նինոծմինդայի շրջանային ժողովների պատգամավորներ եւ հասարակական կազմակերպություններ:

Վրաստանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը իր խոսքում նշեց, որ Ախալքալաքում «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության գրասենյակի բացումը շատ կարեւոր քայլ է: Նա դահլիճում բոլոր մասնակիցների անունից շնորհակալություն հայտնեց Դավիթ Թարխան-Մոուրավիին՝ Հայոց Ցեղասպանության փաստի հանդեպ վճռական դիրքորոշման համար: Նա նաեւ մի քանի կարեւոր հարց ուղղեց Դավիթ Թարխան-Մոուրավիին:

Առաջին հարցը վերաբերվում էր ջավախքցիների համար երկքաղաքացիություն ստանալու թույլտվության հարցին: Երկրորդ հարցը վերաբերվում էր ֆինանսական բանկերի գործունեությանը, որոնք մեծ տոկոսով վարկեր են տրամադրում բնակչությանը: Երրորդ հարցը վերաբերվում էր պարտադիր զինվորական ծառայության  հետաձգման վարձի գումարի նվազեցման անհրաժեշտությանը, որը ներկա պահին կազմում է 3000 լարի։ Չորրորդ հարցը վերաբերվում էր տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիային միանալու կարեւորությանը: Եւ հինգերորդ ու վերջին հարցը վերաբերվում էր նրան, որ այսօր փաստացի խախտվել է Վրաստանի խորհրդարանում հայ եւ ադրբեջանցի պատգամավորների թվաքանակի հավասարության հարցը ի օգուտ ադրբեջանցիների, ինչի վտանգի մասին Սամվել Պետրոսյանը բարձրաձայնել է Վրաստանի խորհրդարանում իր պատգամավորության ժամանակ:

Դավիթ Թարխան-Մոուրավին  իր ելույթում վերահաստատեց այն փաստը, որ նա եւ նրա կուսակցությունը ճանաչում են Հայոց Ցեղասպանությունը: Նա նաեւ նշեց, որ թուրքերը իրականացրել են ցեղասպանություն շատ այլ ժողովուրդների, ինչպես նաեւ՝ վրացիների հանդեպ: Նրա խոսքերով՝ այսօր Թուրքիան հավակնություններ ունի Բաթումիի, Օզուրգեթիի եւ Ախալցխայի նկատմամբ: Դավիթ Թարխան-Մոուրավիի կարծիքով, Վրաստանի տարածքների 33 տոկոսը այսօր գտնվում է Թուրքիայի տարածքում: Նրա խոսքերով՝ Հայոց Ցեղասպանությունը ոչ մի առնչություն չունի Ադրբեջանի հետ եւ այս առումով պետք է գրագետ աշխատանք տանել՝ բացատրելու նրանց այդ ամենը:

Անդրադառնալով հաջորդ հարցին Դավիթ Թարխան-Մոուրավին  ասաց, որ նրանք չեն կարող անել այնպես, որ դպրոցները լինեն ոչ վրացական, սակայն տվյալ դպրոցներում պետք է սովորեն ոչ միայն հայոց լեզուն, այլ նաեւ հայկական պատմությունն ու մշակույթը: Որպեսզի մարդ չդադարի լինել հայ, բայց նույն ժամանակ սովորի վրացական լեզուն եւ մշակույթը:

«Հասկանում եք, եթե բոլոր փաստաթղթերը տպվեն հայերեն լեզվով, ապա մենք պետք է դա անենք նաեւ ադրբեջաներեն լեզվով, հունական եւ այլն: Պետության համար դա շատ դժվար է: Երկրորդ խնդիրը նրանում է, որ, եթե լինենք անկեղծ, ապա վրացական պետությունը վախենում է անջատողականությունից»,-ասաց Դավիթ Թարխան-Մոուրավին: Նրա կարծիքով՝ այդ հարցի լուծման համար անհրաժեշտ է գտնել մեխանիզմներ:

Նույն համատեքստում կուսակցության առաջնորդը անդրադարձավ նաեւ Վրաստանի կողմից երկքաղաքացիության ընդունման հեռանկարին:

Ինչ վերաբերվում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա Դավիթ Թարխան-Մոուրավին  ասաց, որ Վրաստանը պետք է ունենա սառը հարաբերություններ Թուրքիայի հետ, քանի, որ Թուրքիան մշտապես զբաղվել է ուրիշ երկրների հողերի յուրացմամբ: Նրա խոսքերով՝ Թուրքիայում 27 անգամ տեղի է ունեցել քրդերի Ցեղասպանություն, եւ այդ իսկ պատճառով նա համարում է, որ տվյալ պետությունը շատ ագրեսիվ է եւ վտանգավոր է Վրաստանի համար:

Source: Yerkir Media
Link: «Թուրքիան հավակնություններ ունի Բաթումիի, Օզուրգեթիի եւ Ախալցխայի նկատմամբ». վրացի քաղաքական գործիչ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image