Թրամփն ու Քլինթոնը հեռուստատեսությամբ կբանավիճեն

September 26, 2016

ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի եւ Դոնալդ Թրամփի առաջին հեռուստաբանավեճերը կկայանան սեպտեմբերի 26-ին Հեմփսթեդի (Նյու Յորքի նահանգ) Հոֆստրայի համալսարանում՝ Նյու Յորքից 40 կիլոմետր արեւելք ընկած շրջանում:

Նախագահական հեռուստաբանավեճերի անցկացման հանձնաժողովի որոշմամբ՝ դրանք կբաժանվեն 6 սեգմենտների՝ յուրաքանչյուրը 15 րոպե տեւողությամբ: Ներածական հարցերի թեման յուրաքանչյուր սեգմենտում կընտրի մոդերատորը՝ NBC հեռուստաընկերության երեկոյան նորությունների ծրագրերի վարող Լեսթեր Հոլթը: Քլինթոնը եւ Թրամփը պատասխանի համար կունենան երկուական րոպե, իսկ ապա՝ հնարավորություն պատասխանելու ընդդիմախոսի հայտարարություններին: ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարում մրցակիցների առաջին հանդիպումը կսկսվի 21:00-ին (Երեւանի ժամանակով սեպտեմբերի 27-ի 05:00-ին):

Տակավին անցյալ տարվա հոկտեմբերին սահմանված կանոնների համաձայն՝ հեռուստաբանավեճերին կարող են մասնակցել նախագահի պաշտոնի սոսկ այն թեկնածուները, որոնք վերջին հինգ համազգային հարցումների ընթացքում ստացել են ընտրողների առնվազն 15 տոկոսի պաշտպանությունը: Թե՛ Թրամփը եւ թե՛ Քլինթոնը համապատասխանում են այդ պահանջին:

Հիլարի Քլինթոնն առաջին նախագահական բանավեճերից առաջ ժողովրդականությամբ իր մրցակցից առաջ է 2 տոկոսով, ինչի մասին վկայում են այն հարցման արդյունքները, որը համատեղ կատարել են ABC հեռուստաընկերությունը եւ Washington Post թերթը: Հարցման արդյունքները հրապարակվել են սեպտեմբերի 25-ի երեկոյան: Հետազոտությունները ցույց են տվել, որ եթե հարկ լիներ ընտրելու երկու թեկնածուներից, հարցման մասնակիցների 46 տոկոսը կքվեարկեր Քլինթոնի եւ 44 տոկոսը՝ Թրամփի օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Source: Yerkir Media
Link: Թրամփն ու Քլինթոնը հեռուստատեսությամբ կբանավիճեն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image