Դեկտեմբերի 2-ին նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ դիտել է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում պաշտպանության բանակի համահավաք զորախմբի կողմից անցկացրած զորավարժությունները։ Ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողները խրախուսվել են:
Նույն օրը Հանրապետության նախագահը ներկա է գտնվել զորամասերից մեկում նորակառույց ճաշարանի, մեկ այլ զորամասի զորանոցի և զինծառայողների համար բազմաբնակարան բնակելի շենքի բացման արարողություններին, բարեխիղճ և գերազանց ծառայության համար պարգևատրել զորամասի լավագույն սպաներին, պայմանագրային և ժամկետային զինծառայողներին:
«Ժամանակակից զինված ուժեր` չի նշանակում միայն արդիական սպառազինություն, այլև նշանակում է ունակություն, որը թույլ է տալիս այդ սպառազինությունը կիրառել ժամանակին և ամբողջ հզորությամբ: Շնորհակալ եմ ձեզ: Այսօրվա զորավարժություններն ապացուցեցին ձեր ունակությունը: Հավատացեք, որ դուք դրանով պատասխանում եք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մեր հայրենիքը մեզնից խլել, ովքեր փորձում են իրենց հզոր ցույց տալ և պոկել մեզնից մի բան: Ժողովուրդները կարողանում են իրենց հայրենիքը պաշտպանել, եթե նրանց մեջ ձեր տեսակը գերակշռում է»,-ասել է նախագահ Սարգսյանը՝ մաղթելով զինծառայողներին բարի ծառայություն և հպարտ կեցվածք:
Source: Yerkir Media
Link: «Ժողովուրդները կարողանում են իրենց հայրենիքը պաշտպանել, եթե նրանց մեջ ձեր տեսակը գերակշռում է»