Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովին նշել է, որ ԼՂՀ Նախագահի հետ նոր առաջարկներ չեն քննարկվել:
«Մեր առաջարկությունները նոր չեն, դրանք սեղանին են ևշարունակվում են քննարկվել: Երեկ այս թեմայով խոսել ենք Բաքվում, շատ մանրամասն քննարկում է եղել: Այսօր Ստեփանակերտում խոսել ենք տիրող վիճակի և ռազմական իրադրության մասին: Բակո Սահակյանը ներկայացրել է տեղի ունեցած և սպասվող փոփոխությունների մասին»,- ասել է Պոպովը և հավելել, որ Արցախի Նախագահի հետ քննարկել են հակամարտության խաղաղ կարգավորման թեման:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը, ի պատասխան ադրբեջանական զինուժի կողմից օրերս ձեռնարկված դիվերսիոն գործողության և սահմանին տարբեր զինատեսակներից կատարվող խախտումների վերաբերյալ մեկնաբանությանը, նշել է, որ Պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ այդ հարցերը կքննարկեն նրա հետ:
Խոսելով սահմանին ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին՝ Պոպովը նշել է, որ հարցն այս պահին դեռևս մշակվում է: Անդրադառնալով հոկտեմբերի 14-ին Երևանում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Թուրքիան կարող է դրական դեր ունենալ, Պոպովը մասնավորապես նշել է.
«Կարծում եմ՝ Լավրովը նկատի է ունեցել 2009թ-ին Հայաստանի և Թուրքիայի միջև կնքված արձանագրությունները, որոնք վավերացման և փակ սահմանների վերաբացման արդյունքում, կարող են դրական ազդեցություն ունենալ ղարաբաղյանհակամարտության խաղաղ կարգավորման գործում»:
Source: Yerkir Media
Link: Իգոր Պոպով՝ ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման հարցն այս պահին դեռեւս մշակվում է