Լոնդոնում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: Ամեն դեպքում, ծայրահեղական խմբավորումն ահաբեկչության հետ կապված այլ մանրամասներ չի ներկայացրել:
Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ ահաբեկչությունն իրականացնողը 52-ամյա Խալիդ Մասուդն էր: Վարչապետ Թերեզա Մեյն ավելի վաղ խորհրդարանում ելույթ ունենալիս ասել էր, որ հարձակվողը ծնունդով հենց Մեծ Բրիտանիայից էր ու հայտնի է եղել ոստիկանությանը:
Ահաբեկչության գործով 8 ձերբակալված կա: Լոնդոնի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է 4 մարդ, ներառյալ հարձակվողը, գրեթե 4 տասնյակ վիրավոր կա, որոնցից 7 վիճակը ծանր է:
Վեսթմինստերյան կամրջի վրա տղամարդը մեքենայով վրաերթի էր ենթարկել անցորդներին, ապա, դուրս նետվելով մեքենայից, վազել դեպի խորհրդարանի շենք եւ անզեն ոստիկանի դանակահարել, ով մահացել է:
Մյուս ոստիկանների արձակած կրակոցից հարձակվողը սպանվել է: Հատկանշական է, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ նույն օրը, «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումն ահաբեկչություն էր իրականացրել Բրյուսելում:
Source: Yerkir Media
Link: «ԻՊ»-ը ստանձնել է Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը