ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հերքել է ադրբեջանական տեղեկությունները, թե Ակնայի ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը։
«Ի հավելումն մեր կողմից այսօր տարածված հաղորդագրության, որով հերքվել է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն առ այն, թե իբր ղարաբաղյան կողմից Ակնայի ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը, հրապարակում ենք Ադրբեջանի արտակարգ իրավիճակների ծառայության այսօր նույն դեպքի մասին տարածած հաղորդագրությունը, որում հրդեհի պատճառ է նշվում էլեկտրալարերի կարճ միացումը: Ադրբեջանական քարոզչության շինծու էության մեջ համոզվելու համար առանց խմբագրման ու մեկնաբանության տվյալ դեպքի մասին ձեզ ենք ներկայացնում հետևյալ երկու հաղորդագրությունների բնագրերը, որոնցից մեկը հրապարակվել է ադրբեջանական «AZERPRESS»-ում, իսկ մյուսը՝ «Oxu.az» կայքում:
Վերջում անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող այսօրինակ ապատեղեկատվությունների պրակտիկան դարձել է սովորական գործելաոճ, որի ամենաթարմ ապացույցներից մեկն էլ այսօր Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածում ձեռնարկված անհաջող դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձից հետո հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքն էր»,– ասվում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Source: Yerkir Media
Link: ԼՂՀ ՊԲ-ն հերքել է ադրբեջանական կեղծ լուրը, թե ԼՂՀ ՊԲ կրակի հետևանքով տուն է հրդեհվել