Ամերիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանը գրել է «Օրկա» սիմֆոնիան մարդասիրության մասին խոսելու նպատակով, օրկային՝ խոյադելֆինին, համեմատելով մարդկանց հետ: Սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան տեղի ունեցավ հոկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյան 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում: Սիմֆոնիան ներկայացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
«Ձեռքբերում եմ համարում, որ համաշխարհային ճանաչում ունեցող ռոք երաժիշտն անդրադարձել է սիմֆոնիկ երաժշտությանը: «Օրկա»-ն կյանքի դժվարությունների մասին է, բայց նրանում կա հաղթանակ: Չնայած Սերժ Թանկյանը ռոքի ջատագով է` այս սիմֆոնիայում ռոքի տարրեր չկան. այն ունի հստակ գաղափարախոսություն, պարզ տեսլական և տենչ»,-նշեց Սերգեյ Սմբատյանը:
«Orca Symphony No 1»-ը ձայնագրվել է 2012 թվականի հոկտեմբերին` Ավստրիայի Լինց քաղաքում: Պաշտոնապես ալբոմի տեսքով թողարկվել է 2013-ի հունիսի 25-ին: Ստեղծագործության չորս բաժինները ներկայացնում են խոյադելֆինի կյանքը: