Կառավարության նիստում վարչապետն անդրադարձել է Դավոսի արդյունքներին

February 1, 2018

Կառավարության այսօրվա նիստը սովորականի պես  սկսվեց վարչապետի հանձնարարականներով։ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հանրապետական գործադիր մարմինների 2017 թվականին կատարած աշխատանքների հաշվետվությանն ու 2018 թվականի աշխատանքներին: Կարապետյանբ ասաց, որ հաշվի առնելով հանրության հետ հետադարձ կապի և հաշվետվողականության կարևորությունը՝ հանձնարարում է 20-օրյա ժամկետում հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին ու մարզպետներին, ըստ ոլորտների, հանրությանը ներկայացնել 2017 թվականին նախաձեռնած բարեփոխումների, ներդրումային ծրագրերի, միջոցառումների ու գերակա խնդիրների լուծմանն ուղղված հաշվետվություններ։

Նա հանձնարարեց նաև ներկայացնել 2018 թվականի համար նախատեսված միջոցառումների ծրագրերը, կատարման հստակ ժամկետները և ակնկալվող արդյունքները: «Կարծում եմ՝ պարզ ձևակերպված է՝ թվեր, մաքսիմալ թվեր, մաքսիմալ կոնկրետ հաշվետվողականություն», — ասաց Կարապետյանը:

Վարչապետն անդրադարձավ նաեւ համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակցության արդյունքներին: Նա ընդգծեց, որ Դավոսում այդ համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, մասնավորապես, օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային ֆինանսական կառույցների և խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: «Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ և նախանշվել են համագործակցության ուղղություններ», -ասաց նա:

Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավարին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավարին և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարեց յոթնօրյա ժամկետում այցի արդյունքների մասին հաշվետվությունն ու ընդհանուր տեղեկատվությունը փոխանցել շահագրգիռ մարմիններին:

Source: Yerkir Media
Link: Կառավարության նիստում վարչապետն անդրադարձել է Դավոսի արդյունքներին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image