Կառավարությունը կստեղծի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն։ Ըստ վարչապետի, այն լինելու է կառավարությանը կից ու գործելու է հանրային-մասնավոր գործընկերության ձևաչափով:
Կենտրոնի հիմնական գործառույթն է լինելու կառավարության համար երկարաժամկետ ռազմավարության ու տարբեր գերակա ուղղություններով երկարաժամկետ բարեփոխումների հայեցակարգերի ու փաթեթների մշակումը։
Վարչապետի խոսքով՝ այդ հարթակը մի քանի անգամ օգտագործել են:
«Եղել են բավականին քննարկումներ: Մեր կենտրոնը կսկսի իր գործունեությունը մինչև տարեվերջ: Միևնույն ժամանակ, տարիների ընթացքում տարբեր պետական մարմինների կողմից խորհրդատուների օգնությամբ, միջազգային կազմակերպությունների տեխնիկական աջակցությամբ կամ սեփական ուժերով մշակվել ու կառավարության կողմից հավանության են արժանացել իրենց կառավարման ոլորտներին վերաբերող ռազմավարություններ և բարեփոխումների հայեցակարգեր», — ասաց Կարապետյանը:
Ըստ Կարեն Կարապետյանի, այդ փաստաթղթերը ստացել են տարբեր անվանումներ՝ ռազմավարություն, զարգացման ծրագիր, հայեցակարգ, բարեփոխումների փաթեթ և այլն: Իրավական տեսանկյունից գործող կարգավիճակով այսօր ռազմավարություն և բարեփոխումների հայեցակարգերի շարքում առկա են այնպիսիք, որոնց ուղղությամբ փաստացի աշխատանքներ այս պահին չեն իրականացվում: Քանի որ դրանք, կարող է, չեն համապատասխանում ժամանակի հրամայականին կամ չեն համապատասխանում մեր ռեսուրսներին կամ կան այլ պատճառներ:
Ելնելով դրանից՝ Կարեն Կարապետյանը բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել բոլոր այդպիսի ռազմավարություններն ու բարեփոխումների հայեցակարգերը:
«Երկորրդ, երեք շաբաթյա ժամկետում ներկայացնել այդ ռազմավարությունների ու բարեփոխումների հայեցակարգերի իրագործման համար անհրաժեշտ ռեսուրսների առկայության վերաբերյալ տեղեկանք», — նշեց Կարապետյանը:
Source: Yerkir Media
Link: Կառավարությունը կստեղծի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն