Կարեն Կարապետյան. «Կարծում եմ, որ ունենք օպտիմալացման բազմաթիվ տեղեր»
July 29, 2017
Վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 28-ին Սյունիքի մարզից ուղևորվել է Վայոց ձոր, որտեղ Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն ու հետագա անելիքները:
Կրթության և առողջապահության ոլորտների պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքներ են տարվում օպտիմալացման ուղղությամբ, որոնց արդյունքնում կրթության ոլորտում արդեն իսկ տնտեսվել է 56, իսկ առողջապահության բնագավառում` 24 մլն դրամ: Ծրագրերը կրելու են շարունակական բնույթ: «Մենք ունենք միջոցներն արդյունավետ ծախսելու բավականին մեծ ներուժ: Մեր թիվ մեկ խնդիրը ոչ թե գումարների տնտեսումն է, այլ մեր երեխաներին ժամանակակից, առավելագույնս լավագույն կրթություն տրամադրելը: Եթե մենք ցանկանում ենք ունենալ լավ պետություն, ապա այսօր, վաղը կամ մյուս օրը մեր երեխաներին պետք է տրամադրենք լավագույն կրթությունը: Եվ ուղղակի այդ ժամանակ պետք է օբյեկտիվորեն, հաշվի առնելով մեր հնարավորությունները, գումարների էֆեկտիվ ծախս կատարենք: Կարծում եմ, որ ունենք օպտիմալացման բազմաթիվ տեղեր»,-ասել է գործադիրի ղեկավարը: