Համազգային թատրոնում վերջին հրաժեշտն են տվել Ռուբեն Հովսեփյանին

Այս շաբաթ վախճանվեց մեր իրականության թերեւս վերջին նահապետը, կամ նահապետերից եւս մեկը։ Կարճատեւ հիվանդությունից հետո, կյանքին հրաժեշտ տվեց «Դրոշակ» պաշտոնաթերթի նախկին գլխավոր խմբագիր, գրող-հրապարակախոս, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ՝ Ռուբեն Հովսեփյանը: Նա 77 տարեկան էր:
Անվանի մտավորականի մահվան կապակցությամբ ձեւավորվել է կառավարական հանձնաժողով: Ռուբեն Հովսեփյանի hոգեհանգիստը տեղի ունեցավ այսօր, իսկ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ժամը 12-ից 14-ը Հայաստանի գրողների միությունում: Հուղարկավորությունը՝ Երեւանի քաղաքային պանթեոնում:
 
«Մեր լեզուն ապշելու լեզու է, որով կարելի է թարգմանել ամեն ինչ»: Ռուբեն Հովսեփյանն այս բացահայտումն արել էր Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը թարգմանելիս: «Ազնվությունը» ամենասազական բնորոշումն էր Հովսեփյանին, նրա գրականությանն ու հերոսներին: Ինքը վստահ էր՝ մարդուն ամենաանհրաժեշտը ճշմարտությունն է: Մտավորականի առաքելությունը՝ հասարակությանը սնուցելը, հասունացնելը: «Ռուբեն Հովսեփյանի մահը մեծ կորուստ է այս օրերին, երբ հայ գիրն ու գրականությունը առանձնահատուկ խնամքի կարիք ունեն: Նրա գնալով այդ հոգածության խնդիրը նոր կնճիռներ է բացում»- ասում է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Ռուբեն Հովսեփյանը Հայ Հեղափոխական Դաշնակցության ղեկավար մարմինների անդամ էր, 2000-2007 թվականներին Ազգային ժողովի պատգամավոր, բայց, ասում էր՝ պարտադիր չէ, որ մտավորականը հրապարակներում ելույթ ունենա. քաղաքացիական դիրքորոշում նա արտահայտում է իր գործով: «Որոնումներ», «Ամենուրեք երկիր», «Ճայերը», «Որդան կարմիր», «Ծիրանի ծառերի տակ», «Ես ձեր հիշողությունն եմ», «Խորանարդիկներով տունը»` բազմաթիվ պատմվածքների ու վիպակների հեղինակ է: Նրա սցենարների հիման վրա են նկարահանվել «Հնձան», «Կարոտ», «Խնձորի այգին» ֆիլմերը:
 
Հարզատները, ընկերները, ընթերցողները Ռուբեն Հովսեփյանին հրաժեշտի համար հավավքվել են Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում, որտեղ տարիներ առաջ Հովսեփյանի «Կարմեն կամ Չինական պարիսպ» պիեսի բեմականացումներ էր: Գրքից հեռացած ընթերցողին թատրոնի օգնությամբ էր փորձում մոտենալ: Ռուբեն Հովսեփյանին անձամբ կամ իր գրականության միջոցով ճանաչողներն ափսոսանքով խոսում են մարդու, մտավորականի տեսակի կորստի մասին: Իր արտաքին կերպարին համահունչ հաստատուն, աներեր, անզիջում էր նաեւ գաղափարների, համոզմունքների հարցում:
Իր համար դժվար պահերին անգամ Ռուբեն Հովսեփյանի մտածումներն ու անհանգստությունները ներանձնական չէին: «Ես էլ եմ հիվանդ, երկիրն էլ. առավոտյան Գերմանիա եմ մեկնում` բուժվելու հույսով: Երկի՛րն ի՞նչ է անելու, ո՞ւր է գնալու»,- գրողի ֆեյսբուքի գրառումներից է:
Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image