Համահայկական նվագախումբն արդեն իրողություն է. առաջին ելույթը 2017-ին՝ ապրիլի 24-ի առիթով

Համահայկական նվագախումբ ունենալու ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գաղափարն առարկայանում է, կյանքի է կոչվում: Համահայկական նվագախումբը միասնականության, համահայկական տաղանդն ու ստեղծագործական ներուժը մեկտեղելու գաղափարն է ամփոփում:

Նորաստեղծ երաժշտական կոլելկտիվի առաջին համերգը նախատեսվում է 2017-ին՝ ապրիլի 24-ի առիթով: Հնչելու են բացառապես հայ կոմպոզիտորների գործեր՝ Խաչատրյան, Տերտերյան, Միրզոյան, Հարությունյան:

«Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը ստեղծվում է՝ այլեւս աշխատելու եւ աշխարհին բարձրաձայնելու մեր միասնականության մասին»,- ասաց նախարարը:

Համերգները ղեկավարելու են Էդուրադ Թոփչյանը, Կարեն Դուրգարյանն ու Սերգեյ Սմբատյանը:

«Նախագիծը նպատակ ունի լուծել նաեւ դիրիժորների համախմբման խնդիրը»,- ժպտում է նախարարը:

Նվագախումբը մասամբ կազմավորված է. 50 երաժիշտ արդեն ընտրել են: Հայտեր ստացվել են 19 երկրից: Մենակատարների հարցն ավելի դժվար է. աշխարհահռչակ հայ երաժիշտների օրակարգը խիտ է, համերգներն՝ ամիսներ ու անգամ տարիներ առաջ են ծրագրված: Պատասխանատուները վստահ են՝ չնայած զբաղվածությանը՝ համահայկական նախագծին մասնակցելու համար նրանք ժամանակ կգտնեն:

Երաժիշտները պրոֆեսիոնալ են, մի քանի փորձը բավարար կլինի համերգներին պատրաստվելու համար: Վճարման խնդիր չկա. գաղափարն ավելի կարեւոր է: Համերգից համերգ հանդիսատեսը կտեսնի նվագախմբի նոր կազմ եւ նոր մենակատարներ:

«Կազմը մշտապես փոփոխական է լինելու: Հնարավոր չէ մշտական երաժիշտներ պահել: Հավաքվելու ենք համերգի համար, գաղափարի համար, նվագելու ենք համերգը եւ յուրաքանչյուրը գնալու էիր գործին»,- ասաց Արմեն Ամիրյանը:

Առաջին՝ ապրիլյան համերգն ունկնդրելու հնարավորություն կունենան նաեւ հայկական գաղթօջախներում: Արմեն Ամիրյանն ասաց, որ Տիգրան Մանսուրյանին պատվիրել է ապրիլյան պատերզամի հերոսներին նվիրված ստեղծագործություն: Համերգին, հնարավոր է, նաեւ այդ գործը հնչի:


Source: Yerkir Media
Link: Համահայկական նվագախումբն արդեն իրողություն է. առաջին ելույթը 2017-ին՝ ապրիլի 24-ի առիթով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image