Հայաստանի արդյունաբերության ոլորտի համար 2017 թվականի առաջին կիսամյակը բավական արդյունավետ ժամանակաշրջան էր: Այս մասին «Արմենպրես»—ի հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը:
«Այդ մասով ունենք աճի բավական լուրջ դինամիկա: Ասեմ, որ տարվա սկզբից արդյունաբերությունում ապահովում ենք երկնիշ աճ: Վեց ամսվա ցուցանիշներով արդյունաբերության ոլորտում ունենք 12.4 տոկոս աճ: Հանքարդյունաբերության ոլորտում` 12.5 տոկոս աճ, մշակվող արդյունաբերությունում` 20 տոկոս աճ»,-ասաց Արմեն Եգանյանը:
Մշակվող արդյունաբերության մեջ գրեթե բոլոր ճյուղերում ևս հինգ ամսվա ցուցանիշներով կա աճ, մասնավորապես, սննդի արտադրություն` 12.7, խմիչքների արտադրություն` 23.4, ծխախոտի արտադրություն` 21.6 տոկոս, մանածագործական արտադրանքը` 24.6, հագուստի արտադրություն` 11.3:
Հիմնականում Ռուսաստան, ԱՊՀ այլ երկրներ ուղղություններով աշխատող ընկերություններն այս տարի սկսել են ապրանք արտահանել եվրոպական երկրներ: Նախկինում Եվրամիության շուկայի ուղղությամբ աշխատողները դիտարկում են այլ երկրները, ինչը շատ կարևոր է ռիսկերի նվազեցման տեսանկյունից:
Այսօր արտահանման համար ավանդական համարվող ուղղություններին նորերն են ավելանում՝ արաբական երկրներ (հատկապես՝ Արաբական միացյալ էմիրություններ), Չինաստան, Իրան։
Source: Yerkir Media
Link: Հայաստանի արդյունաբերության ոլորտում գրանցվել է 12.4 տոկոս աճ