Վերջին օրերին նորից ակտիվացել են ցանցահենները: Նրանք համացանցում տարբեր կազմակերպություններից ամբողջական նյութեր են պատճենում եւ առանց սկզբնաղբյուրի հղման, հրապարակում եվ վերահեռարձակում են: Ցանցահենները միլիոնների վնաս են պատճառում տարբեր կազմակերպությունների:
Հայկական առաջատար հեռուստաընկերություններն ու հեռուստատեսային կոնտենտ արտադրողները միացել են պայքարելու անօրինական տեսահենության դեմ: «Արմենիա» հեռուստաընկերությունը նույնպես միացել է նախաձեռնությանը: Ամեն տարի 100 հազար ժամ տեւողությամբ հեռուստաարտադրանք ստեղծող ընկերությունը մյուս գործընկերների հետ կպայքարի ցանցահենության դեմ:
«Արմենիա» TV-ն նույնպես միանում է այս շարժմանը, եւ որոշել է ստեղծել մի խումբ, որը կլինի մեր հիմնական զենքը ցանցահենության պայքարի մեջ: Խումբը բաղկացած կլինի բազմաթիվ մասնագետներից , որոնք իրենց գործառույթները կկատարեն եւ զարգացումները կլինեն հետեւյալ ուղղություններով: Մենք պետք է այսուհետ լինենք ավելի հասանելի մեր հեռուստադիտողի համար»,- ընդգծեց «Արմենիա» Հ/Ը գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը:
Ներդրումներ, ահռելի գումարներ ու ժամանակ. այս ամենը մեդիա կոնտենտ արտադրող ամեն մի ընկերություն անում է իր լսարանին բացառիկ ու որակյալ հաղորդումներով ապահովելու համար: Բայց շատ հաճախ ֆիլմերը, կամ երաժշտական նախագծերը մինչ եթեր հեռարձակվելը հայտնվում են համացանցում ու տարբեր օնլայն հարթակներում: Ամբողջ աշխարհում վերջին 10-15 տարիների ընթացքում ստեղծագործողները սկսել են մեծ ուշադրություն դարձնել հեղինակային իրավունքին: Իսկ մինչ այդ տպավորություն էր ստեղծվում, թե տեսահենությունը նորմալ երեւույթ է, իսկ դրա դեմ պայքարողներն էլ ուղղակի պարապ մարդիկ են:
«Ուսումնասիրությունները կոնկրետ էին, կամ ուսումնասիրությունների ետեւում պարզվել էին տարբեր մարդիկ, եւ առաջին քայլը, որ պետք է մենք անենք, հենց կանգնեցնել այդ ընկերություններին, որ արդեն երկար ժամանակ մեր արտադրանքը անօրինական ձեւով օգտագործում են սեփական եկամուտ ունենալու համար»,- նշեց «Երկիր Մեդիա» Հ/Ը տնօրեն Դավիթ Հակոբյանը:
Այս համաշխարհային սարդոստայնին զոհ չդառնալու համար հեռուստադիտողը պետք է գիտակցի, որ օգտվելով կիբեր հանցագործի մատուցած գողոնից՝ վտանգի առաջ է կանգնում: Գրանցվելով անվճար կամ բաժանորդագրվելով տեսահեն կայքին՝ հնարավոր է շատ արագ խճճվել լաբիրինթոսում. հանցագործները չեն թողնում որեւէ հասցե, հեռախոսահամար կամ անձնական տվյալ: Վերջերս «Շանթ» հեռուստաընկերության նախաձեռնած միջոցառումները հաստատեցին, որ տեսահեններին կարող են հետապնդել անգամ այն դեպքում, երբ գտնվում են Հայաստանից դուրս:
«Մենք արդեն սկսել ենք դա: Առաջին հերթին իրավապահ մարմինների հետ համագործակցությունը եւ ամենահիմնականը պետք է լինի, երկրորդ՝ նույն տեխնոլոգիական միջոցները բավականաչափ արդյունավետ են աշխատում եւ ավելի արդյունավետ դառնում»,- մանրամասնեց «Շանթ» Հ/Ը Նախագահ Արթուր Եզեկյանը:
Ցանցահենության դեմ պայքարի արդյունքում հայկական արտադրողը ի վերջո կկարողանա պաշտպանվել վիրտուալ գողերից:
Source: Yerkir Media
Link: Հայկական հեռուստաընկերությունները պայքարում են ցանցահենության դեմ