Հանրային լողափերում և հանգստյան գոտիներում կստեղծվեն ջրափրկարարական հենակետեր
August 4, 2018
Օգոստոսի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ:
Նախարար Ռոստոմյանի առաջին կանգառը ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության N30 հատուկ ջրափրկարարական ջոկատն էր, որտեղ գերատեսչության ղեկավարին ներկայացվեցին ջոկատի աշխատանքային պայմաններն ու հնարավորությունները, առկա խնդիրներն ու կարիքները, տեխնիկական զինվածությունը և գործառույթները: Ջոկատում ընդգրկված են 31 փրկարար, որոնք իրականացնում են շուրջօրյա հերթապահություն: Այստեղ նախարար Ռոստոմյանը հանդիպեց նաև «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանին, ում հետ քննարկվեցին հանրային մի շարք լողափերում ջրափրկարարական հենակետերի ստեղծման համար անհրաժեշտ տարածքների հատկացման վերաբերյալ մի շարք հարցեր:
Նախարարի հաջորդ կանգառը N2 հանգստյան տան տարածքն էր, որտեղ նա ծանոթացավ տեղանքի պայմաններին և հնարավորություններին: Նա շրջեց նաև Սևան քաղաքից մինչև Շորժա համայնք ընկած մի շարք հանգստյան գոտիների և լողափերի տարածքով:
Գեղարքունիք կատարած աշխատանքային այցի ավարտին ԱԻ նախարարը եղավ Շորժա համայնքի հանրային լողափի տարածքում, որտեղ ևս նախատեսվում է հիմնել ջրափրկարարական հենակետ՝ հաշվի առնելով լողափնյա սեզոնին այս գոտում հանգստացողների մեծաթիվ լինելու հանգամանքը: